Արմեն Մուրադյանը այցելել է Տավուշի մարզ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղավ Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում:

Կազմակերպության ղեկավարը նախարարին ներկայացրեց հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ մի քանի հիվանդասենյակ նորոգվել է, իսկ սեպտեմբերից կսկսվեն բուժհաստատության կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Առողջապահական այս հաստատությունն ունի 40 մահճակալ, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ` վիրաբուժական, սոմատիկ, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, ախտորոշիչ բաժանմունքներ: Կենտրոնը Դիլիջանից բացի սպասարկում է նաև հարևան գյուղական համայնքներին:

Արմեն Մուրադյանը շրջեց հիվանդասենյակներով, զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց բուժման ընթացքով: Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարարը կարևորեց նրանց աշխատավարձերի բարձրացումը, ինչով պայմանավորված է նաև աշխատանքի արդյունավետությունը:

«Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»,-նշեց նախարարը:

Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Իջևանի բժշկական կենտրոնն էր: Արդիականացված բուժկենտրոնի վիրաբուժական բաժանմունքում 2013-ին կատարվել է 166 վիրահատություն: Արմեն Մուրադյանը նշեց, որ վերազինված կենտրոնն ավելի մեծ ծավալի վիրահատություններ իրականացնելու հնարավորություն և բավարար հագեցած վիրահատարան ունի:

Հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է, համալրված ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Նախարարի ուշադրության կենտրոնում էին հիվանդանոցի նեղ մասնագետներով համալրման, ինչպես նաև ֆինանսների ճիշտ կառավարման ու դեղորայքային ապահովվածության խնդիրներները:

Առողջապահության ոլորտի պատասխանատուն այցելեց նաև վերակենդանացման բաժանմունք, հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության սենյակ, ծանոթացավ նաև տեղեկատու ծառայության աշխատանքներին, զրուցեց բուժաշխատողների հետ:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս