Բաժիններ՝

Ադրբեջանական գյուղի բնակիչները փաստում են՝ Պետրոսյանը մենակ էր և անզեն. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը գնացել է այն գյուղը, որտեղ գերեվարվել էր Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով գերեվարումից մեկ օր չանցած մահացավ կասկածելի հանգամանքներում:

Պետրոսյանի հանկարծահաս մահվան մասին հայտնի դարձավ միայն մի քանի ժամ այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հրապարակեցին հարցաքննության տեսանյութը, որում բարձրաստիճան զինվորականի գլխավորությամբ հայ գերուն տեսախցիկների առջև ստորացնում և խոշտանգումների էին ենթարկում: Այդ տեսանյութում Կարեն Պետրոսյանին արդեն զինվորական զգեստ և կոշիկներ էին հագցրել և ներկայացնում էին իբրև դիվերսանտի, որին իրենց հաջողվել է բռնել, ի ցույց դնելով նաև իբրև թե նրանից առգրավված զենքերը:

Չինարիին սահմանակից ադրբեջանական Աղբուլաղ գյուղի բնակիչները, որոնք առաջինն էին տեսել Կարեն Պետրոսյանին, պատմել են, որ Պետրոսյանը իրենց գյուղում էր հայտնվել մենակ և անզեն: Նույնն է փաստում նաև ադրբեջանական այդ գյուղի բնակիչների կատարած սիրողական տեսագրությունը, որում երևում է, որ Կարեն Պետրոսյանը սպորտային կոշիկներով է և առօրյա հագուստով:

Աղբուլաղի բնակչուհի Ֆերիդե Թաղիևան, ով առաջինն էր նկատել Կարեն Պետրոսյանին, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին պատմել է հետևյալը․ – «Ես ամաններն էի լվանում, հանկարծ լսեցի՝ մեկը ձայն է տալիս, հարցրի՝ «ի՞նչ ես ուզում, ո՞վ ես», ասում էր՝ «թեյ, թեյ, թեյ», անընդհատ նույն բանն էր կրկնում, մի տեսակ տարօրինակ էր խոսում: Գնացի, տղայիս ասում եմ՝ ոնց որ հայ է եկել, զարմացավ՝ ինչպես թե հայ, չի կարող պատահել: Հետո տղաս եկավ, հարցուփորձ արեց, հարցրեց՝ «ինչո՞ւ ես վախեցնում մորս, քրոջս», իսկ նա թե՝ «երդվում եմ՝ ինձ մոտ զենք չկա»:

Որ Կարեն Պետրոսյանը մենակ ու անզեն է հայտնվել իրենց գյուղում, փաստում է նաև Ֆերիդե Թաղիևայի որդին․ – «Այդ տղայի մոտ ոչ մի բան չկար, ես ինքս եմ ստուգել, նա նույնիսկ կոշիկները հանեց ու ցույց տվեց, որ զենք չունի մոտը: Միայն բջջային հասարակ հեռախոս ուներ, հեռախոսի մեջ լուսանկարներ կային, նաև՝ զինվորական: Հարցրեցինք՝ «դո՞ւ ես», ասաց՝ «ոչ, եղբայրս է»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս