
Ամենակարևոր ուղերձն այն էր, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Դավիթ Բաբայան

Սոչիում կայացած եռակողմ հանիպումը կարևոր նշանակություն ունի, քանզի այն հաջորդել է այնպիսի զարգացումների, որոնք խիստ մտահոգիչ էին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Արցախում առանցքային են համարում հանգամանքը, որ հանդիպման ընթաքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- ասել է խոսնակը։
ԼՂՀ ղեկավարի խոսնակը համարում է, որ Սոչիում Նախագահների հանդիպման ամենակարևոր ուղերձն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչի անհրաժեշտությունը շեշտվեց նաև Ռուսաստանի կողմից:
«Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց` ցույց տալով շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Բաբայանը:
«Բնական է, որ այդ խաղաղ կարգավորումը պիտի լինի փոխզիջումային: Սակայն սա պետք է լինի ոչ միանշանակ զիջումներ, ինչը մշտապես պահանջում է Ադրբեջանը: Բնական է, որ այս ամենը թույլ է տալիս ակնկալել, որ գործընթացը շարունակվում է»,- ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: