
Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են շարունակել Ղարաբաղի հարցով երկխոսությունը. Լավրով

Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել Ղարաբաղի հարցով երկխոսությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հանդիպումը օգտակար էր, նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունը համանախագահ երկների նախագահների մակարդակով ներկայացված սկզբունքներին, որոնց էությունը խնդրի լուծման որոնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հարգելով տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսությունը շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով եւ, Ռուսաստանի Դաշնությունը, որպես համանախագահ երկիր, ամեն կերպ կաջակցի դրան: