Այգեպարում տները հրդեհվել են հակառակորդի կրակոցներից. Tert.am
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հակառակորդի կրակոցից այս գիշեր երկու տուն է հրդեհվել։
«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը։
Նա նշեց, որ թեև կրակոցներն այժմ դադարել են, սակայն լարված վիճակ է։ «Կրակոցները անտանելի շատ են լինում»,-ասել է նա և նշել, որ թեև մեր կողմից պատասխան տրվել է։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: