Ջանքեր են գործադրվում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չդադարի սառեցված լինել. Պեսկով
Մոսկվան չի բացառում կիրակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք չենք բացառում, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա վաղը ցերեկը»,-լրագրողներին ասել է նա: Ըստ Պեսկովի` նախատեսվում է, որ շաբաթ երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները ներկա կգտնվեն Սոչիում կայանալիք սամբոյի մրցաշարին:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված իրավիճակը` Պեսկովը նշել է, որ այն բոլոր կողմերի մոտ մոտահգություն է առաջացնում: «Բոլոր կողմերը մտահոգություն են հայտնում լարվածության աճի, այն միջադեպերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին եւ հանգեցրել բազմաթիվ մարդկային զոհերի: Իրավիճակն, իսկապես, անկայուն է»,-նշել է նա` ավելացնելով, որ հենց դրա համար էլ հիմա ջանքեր են գործադրվում, որպեսզի հակամարտությունը չդադարի սառեցված լինել: