Եվս մեկ ապացույց` Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել (տեսանյութ)
armnewstv.am-ը հաղորդում է. «Եվս մեկ ապացույց, որ գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել: Ախբուլաք գյուղում Պետրոսյանին ձերբակալելու փաստը իրարանցում է առաջացրել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ախբուլաքի բնակիչները հարձակվում ադրբեջանցի զինվորականների վրա և բողոքում, որ վերջիններս տարել են հայ գերուն և նրանց գործողությունների հետևանքով իրենք անընդհատ վտանգի զգացողություն ունեն: Տեսանյութում խոսում են նաև Պետրոսյանին առաջինը հանդիպած կինը և նրա որդին:
Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ այցելել են Ախբուլաք գյուղ, զրուցել բնակիչների հետ և պարզել, որ բնակիչների պատմածները չեն համընկնում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության հետ, ըստ որի, 4 հոգանոց հայկական դիվերսիոն խումբը սահմանին վնասազերծվել է, իսկ Պետրոսյանը գերի է ընկել:
Կինը Կարեն Պետրոսյանին տարել է գյուղի կենտրոնում գտնվող թեյարանը, որտեղ գյուղի երիտասարդ բնակիչները սկսել են նրա հետ զրուցել: Գյուղացիները համոզվել են, որ Պետրոսյանը զինված չէ:
Փաստորեն ադրբեջանցի լրագրողները պարզել են, որ սպանված Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել: Նրան դիվերսանտ սարքել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը, որը բեմադրել էր Կարեն Պետրոսյանին զինվորական հագուստ հագցնելու և բերման ենթարկելու տեսանյութը: Հատկանշական է, որ Ակպերովը 2001 թվականին Կիևում դանակահարությամբ մարդասպանություն է կատարել, սակայն դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով փախել է Ադրբեջան: 2014 հուլիսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ սպանության գործը առանց հետաքննության թողնելով` Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը: Ադրբեջանի հերոս ճանաչված Ռովշան Ակպերովի անվան հետ է կապվում նաև ադրբեջանցի զինվորների օրգանների վաճառքի սկանդալային պատմությունը»: