Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան, օգոստոսի 9-ին Սոչիում կայանալիք հանդիպումը իրականում բավականին լուրջ հետևաքներ կարող է ունենալ: Ինչքան էլ, որ Կրեմլը տարածի, որ քննարկվելու են զուտ տնտեսական, քաղաքական և այլ համագործակցային հարցեր, պարզ է, որ Ղարաբաղի խնդրի քննարկումը ոչ մի դեպքում չի կարող դուրս մղվել այդ հանդիպման գլխավոր թեմաների շարքից: Թեկուզ մի պարզ պատճառով, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար բարդ չէ հասկանալ, թե ինչ կուզի ՌԴ-ից Ալիևը՝ առավել ևս, որ ներկայումս հենց Պուտինն է շահագրգռված Ադրբեջանին և Թուրքիային ՄՄ ներքաշելու հարցում, այլ ոչ թե հակառակը: Ինչևէ, համոզված եմ, որ Ձեր շրջապատում կլինեն գոնե խորհրդականի աստիճանի մարդիկ, ովքեր ասած կլինեն Ձեզ բոլոր նրբությունները նախքան հանդիպումը:

Օգոստոսի 9-ին, հարգելի Սարգսյան, հայ ազգը սպասելու է, որ Դուք ներկայանաք որպես հաղթանակած երկրի նախագահ, որպես այնպիսի երկրի նախագահ, որը հարկ եղած դեպքում նորից կհաղթանակի և պարտության կմատնի թշնամուն: Համոզված եղեք, որ ինչքան էլ արտագաղթած լինեն հայերը Հայաստանից՝ նաև Ձեր թեթև ձեռքի շնորհիվ, միևնույն է անպարտ ոգի ունեն և այնքան ագրեսիա, որ կարող են թշնամուն նորից ջախջախել:

Հայաստանի և հայ ազգի ճակատագիրն ինչքան էլ բարդ լինի, մենք գլուխ կհանենք և մի օր այս պետությունը հաստատ կկայացնենք, քանզի արդեն վաղուց ժամանակն է: Ինչպես էլ ներկայանաք օգոստոսի 9-ի հանդիպմանը մի բան հստակ իմացեք, որ այդ հանդիպումից կախված է Ձեր հետագա քաղաքական կարիերան և առհասարակ կարիերան, քանզի հայ ազգը երբեք չի համակերպվի զիջողականության և պարտվողականության հետ, քանզի հազարավոր հայ տղաների արյուն է թափվել Արցախի հողի համար, իսկ ինչ վերաբերում է բուֆերային գոտուն, ապա դրա հանձման մասին էլ խոսք անգամ չի կարող գնալ:

Հավատացեք, որ, եթե Դուք այդ հանդիպման ժամանակ սխալ պայմանավորվածություններ ձեռք բերեք կամ փոխզիջումային կեցվածք ընդունեք, ապա դա կլինի ոչ միայն Ձեր իշխանության ավարտը, այլ նաև Ձեր՝ որպես քաղաքական գործչի մահախոսականը և պատմության մեջ էլ կհիշվեք որպես տանուլ տված նախագահ՝ չարաբաստիկ ֆուտբոլային դիվանագիտությունն էլ քաղաքագիտություն առարկայի մեջ կմտցվի որպես ամենաանհաջողակ քաղաքական քայլի օրինակներից մեկը: Ես վստահ եմ, որ Դուք այս ամենը հասկանում եք, հնարավոր է, որ այլ ելք էլ չունեք, քանզի սա Ձեր նախագահ վերընտրվելու գինն է, ինչի պատճառով էլ ոչ թե կարող եք բանակցել Պուտինի հետ, այլ ուղղակի լսել և համաձայնել՝ ինչպես եղավ ՄՄ-ի դեպքում, բայց, եթե ՄՄ-ի դեպքում այսպես ասած աչք փակեցինք, ապա Ղարաբաղի հարցում Ձեզ ոչ ոք չի ների…

Մի մոռացեք, որ Դուք վերջին հաշվով նախագահ եք, և վստահ եղեք, որ անգամ Ձեր դեմ քվեարկած մարդիկ պատասխանատու պահին Ձեր կողքին կկանգնեն, եթե դրսևորեք Ձեզ որպես երկրի մասին մտահոգ և ազգին նվիրված նախագահ, այլ ոչ թե հայ ազգի ազգային ու պետական շահերը ստորադասեք ՌԴ ծավալապաշտական նպատակներին` հանուն նախագահի աթոռի…

Քաղաքական սերնդափոխություն շարժման ղեկավար Անի Հովհաննիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս