Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չի գրանցվել

Պատմություն

Այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը:

Հարուցիչը Էբոլի վիրուսն է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:

Բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:

Վարակի աղբյուրը և փոխանցումը

Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Կաթնասուն կենդանիները, ինչպես և մարդիկ վիրուսի պատահական տերեր են:

Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Այնուհետև վարակը կարող է տարածվել մարդուց մարդու՝ արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը սերմնահեղուկի հետ մինչև 7 շաբաթ կարող է վիրուսներ արտազատել արտաքին միջավայր:

Վիրուսի Ռեստոն շտամը կարող է տղամարդկանց մոտ առաջացնել անախտանշան հիվանդություն: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ: Ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ 48 ժամից) մինչև 21 օր է:

Կլինիկան և բուժումը

Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով:

Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:

Կանխարգելում

1. Խոզաբուծարաններում հիգիենայի պահպանում, ախտահանում նատրիումի հիդրոքլորիդով:

2. Դեպք հայտնաբերելիս՝ կարանտինի սահմանում, կենդանիների սպանդ:

3. Դեպքերի վաղ և ակտիվ հայտնաբերում կենդանիների շրջանում:

4. Մարդկանց շրջանում անհատական պաշտպանության միջոցների կիրառում, իրազեկում հիվանդության և ռիսկի գործանների մասին:

5. Կենդանիների հետ շփվելիս անհատական պաշտպանության միջոցների կիրառում,

6. Սննդում միս օգտագործելիս՝ պատշաճ ջերմային մշակում,

7. Հիվանդների հետ շփման բացառում,

8. Ձեռքերի հիգիենայի պահպանում,

9. Դիակների թաղում առանց մարդկանց սերտ շփումների և կուտակումների՝ հիգիենիկ պայմաններու,մ,

10. Վարակի հսկողության ապահովում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։

Համաճարակային իրավիճակը ներակայումս

2014թ. մարտ ամսից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում: Ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը` մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:

Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրները:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս