ՀԿԿ-ն ու ԱՄԿԿ-ն մտահոգված են

Հայաստանի կոմունիստական և Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններում իրավիճակի ապակայունացմամբ, որն ուղեկցվում է միմյանց հաջորդող զինված հարձակումներով` խլելով հայ-ադրբեջանական սահմանը հսկող հայկական բանակի զինվորների և սպաների կյանքեր: Հայկական և ԼՂՀ-ի զինված ուժերի պատասխան գործողությունները թեև կանխում են ադրբեջանական կողմի ագրեսիվ նկրտումները, սակայն ստեղծված իրավիճակը պահանջում է 20 տարվա փխրուն զինադադարը հասցնել կայուն հաշտության պայմանագրի կնքման:

ԼՂՀ-ի խնդրի կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները ճիշտ գնահատական են տվել ստեղծված իրավիճակին` պահանջելով բացառել ռազմական ճանապարհով խնդրի լուծումը:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայկական բանակին` որպես մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի և ակտիվացնում ենք մեր ունեցած միջազգային կապերը` նպաստելու հանրային արդարացի կարծիքի ընդլայնմանը ԼՂՀ-ի խնդրի վերաբերյալ և սատարում ստանալու ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության ըմբռնման հարցում: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին առավել գործնական քայլեր իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում կայունություն հաստատելու և խնդիրը վերջնականապես ու արդարացի լուծելու համար:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս