
Արցախում արտադրվող տրիկոտաժը մտադիր են արտահանել

Ստեփանակերտի «Գև գրուպ» ՍՊ ընկերության կարի արտադրամասի թողարկած արտադրանքի հիմնական սպառողը ԼՂՀ Պաշտպանության բանակն է:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության տնօրեն Նարեկ Գասպարյանը: Արտադրամասն, որը գործում է անցած տարվա դեկտեմբերից, թողարկում է սավաններ, վերմակածրարներ, սրբիչներ, բարձի երեսներ, կիսավարտիքներ, շապիկներ և այլն:
Տնօրենի հաղորդմամբ՝ գործունեության առաջին ամսվա 10 հազարի դիմաց արտադրամասն ընթացիկ տարվա անցած յոթ ամսում թողարկել է, ընդհանուր առմամբ, 100 հազար միավոր տրիկոտաժեղեն: Ընդ որում՝ նախատեսում է մինչև տարեվերջ ընդլայնել արտադրության ծավալները։
Արտադրամասում ստեղծված է 30 աշխատատեղ՝ 70-80 հազար դրամ միջին աշխատավարձով։ «Ծրագրում ենք առաջիկայում՝ արտադրության ծավալների ավելացման հետ մեկտեղ, 50 նոր աշխատատեղեր ստեղծել»,- նշեց նա՝ հավելելով, որ կարի արտադրամասի բացումն առաջին հերթին հատկապես նպաստել է կանանց համար աշխատատեղերի ապահովմանը։
«Արտադրամասի հիմնական պատվիրատուներից է նաև «Սանդերք» ՍՊԸ-ն, որը տրիկոտաժեղենի մի մասն իրացնում է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Ն. Գասպարյանը՝տեղեկացնելով, որ առաջիկայում ծրագրում են ընկերության արտադրանքն արտահանել արտերկիր և այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տանում։
artsakhpress.am