ՌԴ կառավարությունը նախագահին կառաջարկի ստորագրել Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը
Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրելու մասին առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը ներառվել է ռուսական կառավարության նիստի օրակարգում։
Այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։
«Միանալու մասին պայմանագիրը հիմնական փաստաթուղթ է, որը կսահմանի Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները` Հայաստանի Հանրապետության անդամագրման պայմանների վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասի պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից։ Եվրասիական ինտեգրմանը միանալու մտադրություն են հայտնել Երևանն ու Բիշկեկը։
ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։
Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ: