Ինչ նպատակ է հետապնդում Պուտինը` խաղալով «փչացած հեռախոսի դեր». «Ժողովուրդ»

«Այս օրերին պատերազմի սպառնալիքից մտահոգված հայ հանրությունը հույսեր է փայփայում, որ վաղը Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքը կլինի առնվազն սահմանային լարվածության երկարաժամկետ նվազեցումը:

Թեև` փորձագիտական շրջանակներն էլ մտավախություն են հայտնում, որ դա կարող է լինել Պուտինի կողմից շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման պարտադրանքի արդյունքում»,- գրում է «Ժողովորդ» թերթը՝ ավելացնելով.

«Մի բան պարզ է. հենց օգոստոսի 8-ին` ռուս վրացական հնգօրյա պատերազմի տարելիցի օրը «խաղաղասերի մանտիան» հագնելով` Ռուսաստանը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ժամանակ առ ժամանակ տարբեր սուվերեն պետությունների` Վրաստանի և Ուկրաինայի տարածքներ ներխուժելուց զատ, կարող է նաև հանդես գալ որպես խաղաղության ջատագով:

Ռուսների ջանքերն առավել կարևորվում են` հաշվի առնելով այն, որ մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը: և հիմա` լարվածության այս էսկալացիայի ֆոնին, կարողանալով հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների համաձայնությանը` Սոչիում կայանալիք հանդիպման շուրջ, Ռուսաստանն այդպիսով ի ցույց է դնում իր ազդեցության չափը Հարավային Կովկասում:

Թե ինչ նպատակ է հետապնդում Պուտինը` խաղալով «փչացած հեռախոսի դեր», ակնհայտ է. նա փորձելու է կողմերից առանձին-առանձին պոկել առավելագույնը, և, թերևս, կարելի է չկասկածել, որ այդ ֆորմատը հենց Պուտինի ցանկությամբ է ընտրվել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս