Դիրքերից իջած ազատամարտիկը պատմում է հակառակորդի տրամադրությունների մասին՝ կորուստներից հետո

3-րդ օրն է՝ արցախցի ազատամարտիկների ու հրամանատարների խումբը դիրքապահների հետ միասին հսկողություն է իրականացնում առաջնագծում: Նրանք արդեն հերթափոխ են սահմանել, ըստ այդմ՝ ոմանք իջել են դիրքերից, նրանց փոխարինում են ազատամարտիկ ընկերները:

Իրականացված հսկողության, դիրքերում երկու օրերին տիրող իրավիճակի մասին artsakhpress.am-ի հետ զրույցում պատմել է Մարտակերտի շրջանի Արցախի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը, ով նոր է իջել դիրքերից, բայց շուտով պատրաստվում է վերադառնալ:

«Հանգիստ է, տղաներն իրենց համար նստած, առանձին դիրքեր վերցրած, ավագները նշանակած, դիրքերի, վաշտի հրամանատար կա, նույնիսկ գումարտակի հրամանատարներից կան, դիրքերը վերցրած պահում են, սպասում ենք թշնամուն»:

Իսկ թշնամին երկար սպասեցնել չի տալիս, գալիս ու արդեն առանց լուրջ քայլեր ձեռնարկելու նահանջում է, վստահեցնում է Գրիգորի Միրզոյանը: Գոնե այդպիսին է իրավիճակը այն հատվածում, որտեղ ազատամարտիկների իրենց խումբն է հերթապահում, պատմում է. «Ստից-մտից երեւում են, բայց իրենք իրենց տված կորուստներից հետո փորձում են խնդիր կատարել, թեեւ չեն կարողանում: Ուղղակի ուզում են ցույց տալ, որ գնացինք, չեղավ, մտանք չեղավ, նույնիսկ կապի միջոցներով մեր տղերքը լսել են, որ ասել են՝ ձեւ չկա աշխատելու, ուսիլիտ արած է, այդպիսի արդարացումներ, ուղղակի գալիս են, մեկ-երկու փամփուշտներ կրակում, ստից, որ հրամանատարներին ցույց տան, թե ուզում ենք գնալ, բայց չի լինում, նման ստից բաներին նույնիսկ պատասխան էլ չենք տալիս»:

Այնուամենայնիվ Ազատամարտիկների միության նախագահը վստահ է, որ անհրաժեշտություն կար զինվորի կողքին կանգնելու եւ սատարելու, թեեւ ոգին տեղն է, մարտական պատրաստվածությունը՝ եւս: «Անհրաժեշտությունն այն է, որ ավելի դիրքերն ամրապնդենք, որպեսզի չկարողանան մտնել, այսօր էլ կա կարիքը, հերթափոխի ենք նորից, ավելի երկարաձգում ենք մեր ներկայությունը: Ճիշտն ասեմ, զինվորի ոգեւորությունը տեղն է, բայց իրենց լավ են զգում, ոգով ուժեղ, կարելի է ասել, ոգեւորելու կարիք էլ չկա, իրենք իրենց ոգեւորած նստած են: Զինվորը նույնիսկ մեր սպասածից լավ նստած, դիրքերը պահում են:

Իհարկե մեր խորհուրդի կարիքը զգում են, շփվում են, փոխանցում են փորձը, կիսում են, իհարկե, դիմանում են տղերքը, բացատրում են, մարտական ուղի անցած ազատամարտիկները փորձը կիսում են նրանց հետ՝ վերջապես հաշվելով, որ իրեն երեխան է ծառայում, գնացել են կողքը կանգնեն»,- ներկայացնում է Գրիգորի Միրզոյանը՝ միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ այսօրվա զինվորը եւս իրենցից ոչ պակաս պինդ է:

Նրան չի վախեցնում անգամ թշնամու կողմից զենքով համալրված լինելու հանգամանքը:Թշնամու հատուկ նշանակության խմբերը, որ հայտնվում են սահմանին, ավելի լավ չեն զինված, քան մերոնք, տարբերությունը մեծ չէ, նշում է ազատամարտիկը. «Իրենք հատուկ նշանակության խմբեր են, բնականաբար իրենց հագեցվածությունն ավելի ժամանակակից, զարգացած պիտի լինի, բայց մենք էլ ունենք մեր հատուկ նշանակության խմբերը, որոնք գտնվում են մեր դիրքերում, մեր զինվորների մոտ, թե պաշտպանության բանակի հատուկ նշանակության խմբերը, թե պաշտպանության նախարարության:

Ինչքանով որ նրանք են հագեցած, այդքան էլ մեր հատուկ խմբերն են հագեցած, մենք էլ ժամանակակից տեխնիկա ունենք, չեմ կարող ասել, թե իրենց հագեցվածությունը մեզնից առավել է: Կարող է մի երկու զենք ավելի ունեն, ժամանակակից, դա նշանակություն չունի, ուզում եմ ասել՝ մեր հատուկ նշանակության խմբերը, որոնք նոր են մեզ մոտ, հագեցած են հատուկ տեխնիկաներով, զենքերով, ամեն ինչով:

Իսկ ով է ասել, որ մեզնից լավ են, չէ, ճոխացրած, թե նրանք լավ են զինված, չէ, մեր հատուկ նշանակության խմբերն էլ ունեն նույն զինատեսակները»:

Իսկ մեր հատուկ նշանակության խմբերը սահմանին են լինում այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը լինում է, միշտ չէ, բայց այս օրերին այդ անհրաժեշտությունը կա:

artsakhpress.am

 

Տեսանյութեր

Լրահոս