Կարեն Միրզոյան. Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները News.am լրատվական կայքի հարցերին
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, որը ստեղծվել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով։
– Հուլիսի վերջին օգոստոսի սկզբին ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են մի շարք դիվերսիոն գործողություններ և ներթափանցման փորձեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածք, որոնք արդյունավետ կերպով կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։
Ադրբեջանի նոր արկածախնդրությունը, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի և դարձել հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառ, առաջին հերթին ուղղված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի խաթարմանը։
ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել էին միջնորդների և միջազգային հանրության՝ ընդհանրապես, ուշադրությունն իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերի և դրանց կասեցման նպատակով գործնական և արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտության վրա։
Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի և վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության և անպատժելիության թյուր զգացում, ինչը՝ բանակցային գործընթացի և հակամարտության իրողություններից բոլորովին կտրված լինելու ֆոնին, հանգեցնում է միայն լարվածության խորացմանը և իրավիճակի վատթարացմանը։
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության ներկայիս կտրուկ աճը դարձավ Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։
– Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ կիրառել շփման գծում լարվածությունը թուլացնելու և կայունություն ապահովելու համար։
– Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ՝ ապակայունացնելու իրավիճակն առաջնագծում և բարձրացնելու լարվածության մակարդակը հակամարտության գոտում։
Միաժամանակ, հավատարիմ լինելով բացառապես խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը, կարծում ենք, թե վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ անհրաժեշտ է ակտիվացնել լարվածության թուլացման, վստահության և անվտանգության ամրապնդման անհապաղ միջոցների մշակմանն ու կիրառմանն ուղղված ջանքերը։
ԼՂՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանը և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք վերջին անգամ ամբողջացված ներկայացվել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության 2014 թ. Մայիսի 12-ի այտարարությունում։
Համոզված ենք, որ նշված միջոցների անհապաղ կիրառումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի մշակումը, թույլ կտան կայունացնել իրավիճակը և արագ կարգավորել շփման գծում հնարավոր միջադեպերն ապագայում։
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։