Գեղամյանի նամակը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. Կոնկրետ մեղավորների անուններ տվե՛ք. news.am
Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում եւ կոչերում չեն նշվել լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ՝ իր նամակում նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որն ուղղված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային եւ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին:
Նամակում ասվում է. ««Այսօր՝ ս.թ. օգոստոսի 5-ին, ուշադիր ուսումնասիրեցի Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution» նամակը։
Սրտանց երախատապարտ եմ այն տագնապի եւ խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող եւ չթուլացող ռազմական լարվածության առիթով։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաեւ չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաեւ հայկական կողմը)։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրում ընդգծվում է «Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանները եւ տարածքային ամբողջականությունը չխախտելու, վեճերը խաղաղ կարգավորելու, ժողովուրդների իրավունքների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքներին հետեւելու կարեւորությունը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: