Ավելի քան 10.000 քաղաքացիներ դիմել են Սերժ Սարգսյանին

«Artsakh Today» մամուլի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի, Արցախի և սփյուռքի 10.986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:

«Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լևոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու փաստաբանների բողոքը:

Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), ինչպես նաև վերջին օրերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը պատճառ է հանդիսացել կալանավայրում մի քանի ուշագնացությունների պահանջում են նրան կալանքից ազատելու և հիվանդանոց տեղափոխելու անհապաղություն՝ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով:

Հաշվի առնելով Սոչիում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- մասնավորապես ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա: Բաց նամակի տակ ստորագրել է նաև Լևոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղն՝ իր ամբողջ բնակչությամբ:

«Artsakh Today» մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս