Մեծանում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը. Մարկեդոնով. «Ժամանակ»

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աճող լարվածությանն ու դրա հնարավոր հետևանքներին՝ «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ մեծանում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը:

«Նա խիստ կասկածում է, որ այս փուլում պետք է խոսել լայնածավալ ռազմական գործողությունների մասին, քանի որ իրականում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը բավականին հաճախակի բնույթ են կրել ողջ հրադադարի ընթացքում: Ըստ նրա՝ ցավոք սրտի, վերջին երկու տարվա ընթացքում այդ դեպքերը շատ են ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև հայ-ադրբեջանական միջկառավարական սահմանին, որը մի քանի անգամ ավելի վտանգավոր է:

Մարկեդոնովի կարծիքով՝ սա վտանգավոր է այն առումով, որ վեճը կոնկրետ տարածքների շուրջ վերաճում է հայ-ադրբեջանական հակամարտության և դիմակայության, հետևաբար նաև մեծանում է հակամարտության միջազգայնացման վտանգը, որի ներքո կարելի է հասկանալ շատ ավելի ընդարձակ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական ինտեգրացիայի ճգնաժամ:

«Լարվածությունը վտանգավոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում: Իսկ այդ դիմակայությունը և մոտեցումների տարբերությունը վերաբերում են ոչ միայն առանձին վերցրած մի երկրի, այլև ողջ հետխորհրդային տարածաշրջանին:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, իսկ ուկրաինական ճգնաժամը փաստորեն արգելափակել է մյուս բոլոր ուղղություններով նրանց արդյունավետ աշխատանքը: Բացակայում է ամբողջական դիվանագիտական երկխոսությունը:

Ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության լարումը դառնում է միջնորդների կառուցողականության և արդյունավետության փորձություն: Ամբողջական հաղորդակցության բացակայությունը սադրում է նոր միջադեպեր»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ ձեռնպահ կմնա միանշանակ գնահատականներից՝ գոնե մինչև Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպումը»,- գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս