Ռուսները «ղումար» են խաղում Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրությունը ենթագիտակցորեն դադարել է Ռուսաստանին ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր ընկալել ու համարում է, որ մենք ունենք լիովին տարբեր շահեր, և հետևաբար ոչ մի արտառոց բան չկա, եթե ռուսներն ասում են այն, ինչ բոլորը, առանց Հայաստանի մասին մտածելու:

Մյուսն այն է, որ եթե Հայաստանի հասարակությունը ենթագիտակցորեն չի դադարել ռուսներին որպես դաշնակից ու երաշխավոր ընկալել, ապա դադարել է ընկալել ինքն իրեն, ինքն իր պետությունը, դադարել է արժանապատվությունը ընկալել՝ սեփական արժանապատվությունը, ու այդ իսկ պատճառով արդեն ոչ մի բան չի պահանջում իր դաշնակցից` փոխարենը պատրաստ լինելով նրան տալ առաջին իսկ պահանջվածը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ գործ ունենայինք առաջին տարբերակի հետ:

Մեղմ ասած` չարյաց փոքրագույնը կլինի, որ դե յուրե լինելով դաշնակիցներ, Հայաստանի հասարակությունը դե ֆակտո վաղուց հասկացած լինի, որ Ռուսաստանն իրականում ոչ մի ռազմավարական դաշնակից էլ չէ, ու այն ավելի դաշնակից չէ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան, քան նույնիսկ Իրանը:

Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում: Եվ լավ է, որ գոնե այժմ, Հայաստանի հասարակությունը գոնե ենթագիտակցորեն հասկացել է այդ իրավիճակն ու այլևս ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ պատրանքային ընկալումներից:

Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդ փուլում արդեն Հայաստանի հասարակությունը կսկսի արձագանքների մակարդակով դրսևորել իր մոտ ընկալումների փոփոխությունը, այսինքն` դրանք կհասնեն արդեն գիտակցության»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս