Էդուարդ Շարմազանով. «Սեյրան Օհանյանը համախմբեց քաղաքական ուժերին». «Ա1+»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալ է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին ԱԺ այցելելու եւ խորհրդարանական ուժերի հետ հանդիպելու եւ նրանց սահմանում տիրող իրավիճակին իրազեկելու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ երկուսուկես ժամ ՊՆ նախարարի հետ հանդիպելուց հետո, բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, թե վստահում են մեր զինված ուժերին եւ բանակի կողքին են՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ գաղափարներից։
– Այստեղ չկա ընդդիմություն եւ իշխանություն։ Մենք բոլորս մի խրամատում ենք, մի նավում ենք, եւ եթե կա թեկուզ մի փոքր արտաքին վտանգ, մենք բոլորս միասնական ենք; Հանդիպման նպատակը մեկն էր՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է ծանոթ լինեն շփման գծում իրականացնող հիմնական գործընթացներին: Այսօր ժամանակն է, որ մեր հասարակությունը մեզ տեսնի միասնական: Այսօր մեզ համար գլխավոր արժեք հայ զինվորն է:
– Ընդդիմադիր ուժերը իշխանություններին, քննադատելով, հատկապես ԼՂ հարցում, ասում էին, որ գործընթացը գաղտնի է տարվում, ՊՆ Սեյրան Օհանյանն առաջին է, ով բոլոր ուժերին համախմբեց այս հարցում, իշխանությունների գործելաոճում ի՞նչ-որ բան է փոխվել։
– Մեր խնդիրը միշտ էլ եղել է այն, որ խաղաղ ժամանակներում մենք միշտ չենք օգտագործում մեր ռեսուրսը; Իսկ արտաքին վտանգի դեպքում միշտ համախմբվում ենք: Մենք կիսելու հայրենիք չունենք։ Հայրենիքը մեկն է՝ բոլորինս։
– Հանդիպմանը նախարարի տված տեղեկատվություն էլ բավարար էր համոզվելու համար, որ սահմանային իրավիճակը մեր կողմից լիարժեք վերահսկվում է;
– Այո։ Օրերս ես անձամբ եմ եղել սահմանային գյուղերում, մասնավորապես Նոյեմբերյանի Դովերն ու Բարեկամավան գյուղերում, որոնք վերջին օրերին ադրբեջանցիներն ամենից շատ են գնդակոծել։ Ես վստահեցնում եմ՝ երկու գյուղում էլ բնակչության շրջանում խուճապ չկա; Մեզ դիմավորեցին մանկահասակ երեխաններ, իսկ դա նշանակում է մարդիկ այնքան վստահ են, որ երեխաններն ազատ շրջում են։ Դովերնում միայն մեկ խնդիր կա՝ ցանքատարածությունները գտնվում են ուղիղ թշնամու նշանակետի տակ; Մենք գյուղացիներին խնդրել ենք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները։ Ես պետք է ասեմ՝ փառք ու պատիվ այն զինվորներին, որոնք այսօր կանգնած են սահմանին։ Փառք ու պատիվ այն մայրերին, որոնք ծնել են նրանց։ Ես մասնակցել եմ այս օրերին զոհված զինվորներից Ազատի հուղարկավորությանը եւ հուզված ու հիացած եմ նրա մոր պահվածքով։ Շատ ծանր է որդի կորցնելն ու ասելը, թե հպարտ եմ, որ որդիս պայքարել եւ մահացել է հանուն հայրենիքի:
– Ինչո՞ւ Փարիզում նախատեսված Սերժ Սարգսյան -Իլհամ Ալիեւ հանդիպումը պետք է տեղի ունենա Սոչիում։ Սա ինչով է պայմանավորված։
– Թե Ֆրանսիան եւ թե Ամերիկան եւ թե ՌԴ-ն համանախագահ երկրներ են եւ շարունակում են իրենց միջնորդական գործունեությունը եւ որեւէ զարմանալու բան չկա, որ միջնորդներից մեկը հանդիպում է կազմակերպում: Քանի որ նախատեսվում է հանդիպումներ Սոչիում, կարծում եմ, որ վերջին դիվերսիոն գործողությունների եւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում, սա շատ ճիշտ եւ հարմար առիթ է, որպեսզի նստեն մեկ սեղանի շուրջ եւ քննարկեն իրավիճակը։
– Հայ-ադրբեջանական սահմանի վերջին դեպքերը, Դուք կապո՞ւմ ենք Սոչիում նախատեսված հանդիպման հետ;
– Խնդիրն այն է, որ համանախագահող երկրները Ադրբեջանին ճնշման ենթարկելով կարողանան վերադարձնել բանակցային գործընթաց։ Թե Հայաստանը, թե ԼՂՀ-ն եւ թե միջնորդները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդիրը միայն մեկ լուծում ունի՝ խաղաղ կարգավորում։ Այս տարիներին միակ կողմը, որը խոսել է ընդդեմ խաղաղ կարգավորման, դա միայն ու միայն Ադրբեջանն է: Ամենաբարձր մակարդակով՝ Ադրբեջանը խոսում է ռազմատենչ հռետորաբանությամբ եւ Ալիեւն ընկել է իր հակահայկական, ֆաշիստական քաղաքականության ծուղակը։ Այսօր խնդիրը Ալիեւին բանակցային գործընթաց վերադարձնելն է; Այսօր Ադրբեջանում էլ են գիտակցում, որ այս իրավիճակը չի բխում իրենց շահերից; Յուրաքանչյուր, թե հայ, եւ թե ադրբեջանցի զոհերի արյան գինն ընկած Ադրբեջանի իշխանությունների վրա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: