Բաժիններ՝

Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Նախարարը շնորհավորեց Ս. Վասիլեին` դեսպանի պատասխանատու գործը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այցելելու համար: Ներկայացնելով նախարարության կառուցվածքն ու ձեռքբերումները` նախարարն անդրադարձավ Գառնիի դիտարանին, Բալահովիտում հիմնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին, Ստեփանավանի օդանավակայանին:

– Մեր գործառույթները շատ են, – նշեց նախարարը, – մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ և փորձում ենք անհրաժեշտության դեպքում հնարավորինս արդյունավետ օգնել այլ երկրների:

Դեսպան Սորին Վասիլեն ևս շնորհակալություն հայտնեց` նախարարության կառուցվածքն մանրամասն և տպավորիչ ներկայացնելու համար.

-Տպավորիչ էր հատկապես արտակարգ իրավիճակների նախարարության` սեփական օդանավակայան ունենալու փաստը: Մենք, ցավոք, չունենք ԱԻ նախարարություն, բայց ունենք ընդհանուր դեպարտամենտ, որի գործառույթների մեջ է մտնում արտակարգ իրավիճակներին արձագանքելը:

Դեսպանն անդրադարձավ նաև Ռումինիայում հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը, ԱԻ նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիներ ստեղծելուն.

-Մեր երկրների հարաբերություններն ունեն պատմական լուրջ հիմքեր: Դուք և Ձեր նախարարությունը բավական մեծ փորձ ունեք: Կարծում եմ, որ փորձի փոխանակումն օգտակար և արդյունավետ կլինի երկու երկրների համար:

Հանդիպման վերջում դեսպանը, նախարարի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում, ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս