Ռուսաստանը հասել է իր նպատակին. Փարիզը փոխարինվեց Սոչիով. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Մայիսի 13-ին, Երեւանում գտնվելու ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզ հրավիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ Ղարաբաղի խնդրով բանակցություններ վարելու:
Մայիսի 24-ին, ելույթ ունենալով Քարնեգի հիմնադրամում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «վերաթարմացրեց» այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքները ասելով, որ իր ելույթն արտահայտում է ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետը: Համանախագահ երեք երկրներից երկուսն ակնհայտ ակտիվություն ցուցաբերեցին, ինչը, բնականաբար, չէր կարող դուր գալ երրորդ երկրին՝ Ռուսաստանին, որն ավանդաբար համարվում է այս տարածաշրջանի «նայողը»:
Մայիսի կեսերից կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան շփման գծերում: Այս երկուսուկես ամիսներին կտրուկ վատացել են նաեւ հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ մալազիական ինքնաթիռի կործանում, պատժամիջոցներ, սպառնալիքներ, մեղադրանքներ:
Նույն ընթացքում Ադրբեջանի իշխանությունը «վհուկների որս» է սկսել ընդդիմադիրների, այլախոհների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ եւ սուր քննադատության է արժանացել Միացյալ նահանգների կողմից, որի դեսպան Մորնինգսթարն ակնարկել է, թե չի պատրաստվում աչք փակել Ադրբեջանի կեցվածքի վրա ոչ երկրի ներսում, ոչ էլ Ղարաբաղի հարցում:
Սահմանային միջադեպերի վերջին էսկալացիայի ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցելուց, իսկ երկու երկրների նախագահները համաձայնեցին հանդիպել Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չեմ բացառում, որ վերջինս կառաջարկի շփման գծում տեղադրել խաղաղապահների: Ռուսաստանն այդպիսով հասել է իր նպատակին. Փարիզը փոխարինվեց Սոչիով, «մադրիդյան սկզբունքները» կրկին մոռացվեցին, Հայաստանը վերահաստատեց իր «եվրասիականությունը»»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։