Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

Oգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։

ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ և արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Գերմանիայի պատգամավորների միջև փոխգործակցությանը։ Երկուստեք նշվեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։ Քննարկվեցին առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը: Հայաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ, գործադրելու է անհրաժեշտ քայլերը` սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս