Վարչապետն ու պաշտպանության նախարարը մասնակցել են զոհված սպայի հոգեհանգստի արարողությանը

Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը Վանաձորում այսօր՝ օգոստոսի 3-ին մասնակցել են ադրբեջանական դիվերսիան ետ մղելիս զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Վանաձոր քաղաքը նոր հերոս տվեց, որի անունը Զորիկ Գեւորգյան է: Քիչ առաջ տեղի ունեցավ վանաձորցի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը, որին նաեւ մասնակցեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, բարձրստիճան զինվորականներ, մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Գուգարած թեմի առաջնորդի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Ծնողների եւ հարազատների ցավն ու կսկիծը աննկարագրելի էր, որը չեմ կարող նկարագրել` ինքս էլ լինելով այդ ծանր տպավորության տակ…
Սակայն, մյուս կողմից, հոգեհանգստի բոլոր մասնակիցներս հպարտությամբ լսում էինք պաշտպանության նախարարի խոսքը, որն անձամբ տեղեկացրեց, թե ինչ հերոսական սխրանք են գործել 25 ամյա ավագ լեյտենանտը եւ նրա վաշտը, որի արդյունքում հակառակորդը ուղղակի ջախջախվել եւ, իր դիակները ետ հավաքելով, փախել է դեպի ելման դիրքեր…

Պաշտպանության նախարարը հանձնարերել է, որ կատարված սխրանքը իր բոլոր մանրամասնություններով դառնա հանրության համար հասանելի եւ պատմվի երիտասարդ սերնդին, որպեսզի մեր հերոսներին արժանին մատուցենք, հասկանանք, որ այսօր էլ հերոսներ ունենք մեր կողքին ապրող եւ հերոսներ ծնող մայրեր:

Տեղեկացնեմ նաեւ, որ ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, որոնք պաշտպանության նախարարն անձամբ հանձնեց Հերոս Զորիկի ծնողներին…
Փառք ու պատիվ մեր հերոսներին»,- գրել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս