ԼՂՀ ՊՆ-ն հերքում է. 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես «ԱՊԱ» էլեկտրոնային կայքի տարածած «բացառիկ» հաղորդագրությանը, թե իբր օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի.
«ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածը ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին, նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը արդյունք է հանդիսացել վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարության:
ՊԲ առաջապահ զորամասերը ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և, հարկ եղած դեպքում, պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ պատճառում հակառակորդին»: