Ադրբեջանական զինուժը նոր կորուստներ է կրել. ԼՂՀ ՊԲ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված: Իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել և վերջինս մարտադաշտում թողնելով առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել: Սակայն ողջ գիշերվա ընթացքում շփման գոտու այդ հատվածում դիրքային մարտը շարունակվել է: Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ և տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, այդ գործողության արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ: