
Եվրամիությունը կողմերին կոչ է անում հետևել հրադադարի ռեժիմին

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է անում հետևել հրադադարի ռեժիմին, զերծ մնալ ուժի կիրառումից և հիշեցնում է խնդրի լուծման նպատակով բարձրագոյն մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Մենք շատ անհանգստացած ենք զինված դեպքերով, որոնք շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին զոհերի պատճառ են դարձել: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ անմիջապես հետևել հրադադարի ռեժիմին, զերծ մնալ բռնության կիրառումից ու սպառնալիքից և շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրել»,-հայտարարել է Էշթոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ը պատրաստ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համաձայն, աջակցել խնդրի քաղաքական լուծմանը: