
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշ այցելությունից

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Տավուշի մարզի սահմանամերձ հատված այցերից՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարված իրավիճակը: Նշվում է, որ սահմանափակված է նաև ԱՄՆ պետական պաշտոնյաների այցը այդ հատվածներ: Վտանգավոր են համարվում Վազաշեն, Վարագավան, Պառավաքար, Այգեպար, Ազատամուտ և Բարեկամավան գյուղերը և դրանք միացնող ճանապարհները: Դեսպանությունը զգուշացնում է նաև, որ վտանգավոր է Երևան-Թբիլիսի M-16/H-26 ճանապարհի Ազատամուտից մինչև Ջուջևան և Վրաստանի հետ սահման հատվածը:
Դեսպանության հաղորդագրությունում նշվում է, որ լարվածությունն աճել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: «Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում: