Աստված ամեն ինչ տեսնում է, իրենից ոչինչ չես կարող թաքցնել. Արամե
Qahana.am-ը հարցազրույց է վարել երգիչ Արամեի հետ, որը ներկայացնում ենք հատվածաբար
– Ըստ ձեզ, ժամանակակից մշակույթի մեջ կրոնը, հավատքը ի՞նչ դեր ունի:
– Հավատքը մեր կյանքում միշտ դեր ունեցել է և կունենա, որովհետև մեր ազգը այլ արժեքներով է առաջնորդվում: Կան ազգեր, որոնց համար, միգուցե, առաջնահերթ ուրիշ արժեքներ են, բայց մեզ համար առաջին տեղում հավատքն է, եկեղեցին, հայրենիքն ու ընտանիքը: Միշտ այդպես է եղել, կա, և ես ավելի քան վստահ եմ, որ կլինի: Եթե պատմության գիրկը գնանք մի պահ, կնկատենք, որ հավատքն է միշտ առաջնորդել, ուժ տվել, փրկել մեզ: Մարդիկ, զինվորները եկեղեցիներում իրենց ապահով են զգացել: Ես անհավատ հայ չեմ պատկերացնում: Թեև, նման մարդկանց ճանաչում եմ…
– Արամե, իսկ ձեր նշած անհավատ մարդկանց մոտ ի՞նչ տարբերություն եք զգում:
– Գիտեք, կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր չունեն հավատ, չունեն նաև վախ… Իսկ առանց վախի մարդը վտանգավոր մարդ է: Եթե մարդը հավատ չունի, չունի նաև սրբություն: Եթե ինքը չի պաշտում Աստծուն, չի կարող պաշտել նաև իր ծնողին, իր հայրենիքը, ընտանիքը, երեխային: Միգուցե շատ կտրուկ եմ արտահայտվում, բայց դա իմ կարծիքն է, իմ տեսակետը: Նույնիսկ շատ փոքր տարիքում, երբ որևէ վատ արարք էի գործում, անկախ նրանից, որ այդ մասին հարազատներս, մտերիմներս տեղյակ չէին, միևնույն էի, մտածում էի, որ Աստված ամեն ինչ տեսնում է, և Իրենից ոչինչ չեմ կարող թաքցնել: Այդպիսին եմ մինչև այսօր, այդ պատճառով էլ խուսափում եմ ստից և խաբեբայությունից…
– Հաճախ մեզ դեպի եկեղեցի ուղղորդում է կյանքի այս կամ այն իրավիճակը: Կհիշե՞ք մի դեպք, որ այդ պահին ինքնաբերաբար քայլերը ձեզ եկեղեցի՝ աղոթքի են ուղղորդել:
– Նման դեպքեր իմ կյանքում հաճախ են լինում: Նույնիսկ պահեր են եղել, որ գնացել եմ եկեղեցի, շատ-շետ եմ խնդրել, բայց… չի տրվել, չի ստացվել…
– Չե՞ք ջղայնացել, որ ձեր աղոթք-խնդրանքը չի իրականացել:
– Ոչ, մտածել եմ, որ այդպես էլ պետք է, ամեն ինչում Տիրոջ կամքն է: Որքան էլ ցանկանանք, Աստված երբեմն մեզ ազատում է այն բաներից, որոնք մենք շատ ցանկանում ենք: Պարտադիր չէ, որ Աստված մեզ տա, ունենանք այն, ինչը շատ ենք ուզում: Մենք երբեք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հասնենք մեր երազանքին: Իմ կյանքում պատահական ոչինչ չի եղել: Ես միշտ ընկերներիս ասում եմ, որ Աստված միշտ ինձ հետ է ու երբեք անելանելի վիճակում չի թողնում: Շատ դժվարությունների միջով եմ անցնում և յուրաքանչյուր դժվարությունից մի դաս քաղում եմ: Դա ինձ օգնում է, քանի որ հետագայում որոշ հարցերի այլ կերպ եմ նայում: Հավատում եմ, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում:
– Արդյոք այսօր մեր երիտասարդները հավատքով են, թե՞ ժամանակակից արժեքներն ու բարքերը փոխվել են:
– Ի ուրախություն ինձ, վերջին տարիներին նկատում եմ, որ երիտասարդների կողմից եկեղեցու հանդեպ մեծ ուշադրություն կա: Այդ մասին նույնիսկ ընկերներիս հետ ենք զրուցել. մոտ 10 տարի առաջ դրսում խաչակնքվելը կամ եկեղեցի գնալը շատերի համար ամոթ էր, «լավ տղու» արարք չէր: Փառք Աստծո, հիմա նման բան չկա: Նկատում եմ, որ երիտասարդները ձգտում են դեպի եկեղեցի, մասնակցում են Ս. Պատարագներին, հետևում են մեր ավանդույթներին:
– Դուք նախկինում նման «դժվարության» միջով անցե՞լ եք, ամաչե՞լ եք եկեղեցի մտնելուց կամ աղոթելուց:
– Ոչ, ես նման խնդիր չեմ ունեցել, երբեք եկեղեցի մտնելուց կամ խաչակնքվելուց չեմ ամաչել: Ունեմ շատ ընկերներ, ովքեր ավելի խորը հավատքի մեջ են ու ինձ շատ են օգնում իրենց խորհուրդներով: Հաճախ մոտս հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նրանցից եմ իմանում: Երբեմն դիտավորյալ հակառակվում եմ իրենց, որ ինձ կարողանան լիովին համոզել, որ կա Աստված, կա Սուրբ Հոգի, կա Սուրբ Երրորդություն:
Խնդրում եմ Աստծուն, որ ինձ տա հնարավորություն՝ հավատքս ամրապնդելու, ավելի շատ հավատալու: Ամեն մարդու տրված չի հնարավորություն, որ կարողանա լիարժեք հավատալ և զգալ դա: Ճիշտ է, ես զգում եմ, որ մեծ հավատք ունեմ, բայց կարծում եմ, որ դա չնչին է, ինձ ավելին է պետք…Գիտեք, ես կյանքում ունեմ վախեր, որոնք միշտ թեթևացնում եմ աղոթքի միջոցով: Ունեմ նպատակներ, որոնց մասին միշտ ասում եմ… Այսինքն, ես Աստծո հետ միշտ «կապի մեջ» եմ: Եկեղեցական արարողություններին մասնակցելուց ու եկեղեցուց դուրս գալուց հետո միշտ ինձ լավ եմ զգացել: Դա իմ ծնողներից է եկել: Չեմ կարող ասել, որ իմ ընտանիքը, ծնողներս խորը հավատքով մարդիկ են, բայց մեզ փորձել են փոխանցել այնքան, որքան իրենց մեջ կա: Ես էլ իմ երեխաներին եմ փոխանցելու մեր ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները:
– Կնշե՞ք որևէ սովորույթ:
– Հայրիկիցս ինձ է փոխանցվել մի շատ լավ օրինակ. ամեն առավոտ նա տանից դուրս գալուց խաչակնքվում էր և դիմում Աստծուն, որ օրը բարի ու հաջող լինի… Իմ տան պատուհանից երևում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և ես ամեն առավոտ հայրիկիս պես եմ վարվում… Մնացած ամեն ինչ Աստծո կամոք է…
– Արամե, նշեցիք, որ երբեմն վախեր եք ունենում, որոնք աղոթքով եք հաղթահարում: Այդ վախերն ինչի՞ց են առաջանում:
– Գիտե՞ք, այդ վախ ասվածը այն չէ, որ ինձ հետ որևէ վատ բան կլինի, կամ ինքս ինչ-որ մեկին կվնասեմ: Դա մի ուրիշ վախ է, անբացատրելի վախ, որը գալիս է որոշակի դժվարություններից հետո. չես ցանկանում, որ այս կամ այն ժամանակահատվածը կրկնվի, որովհետև շատ դժվար էր, շատ վատ էր… Ես իմ կյանքն ապրում եմ ոչ թե մենակ, այլ ընտանիքիս հետ: Երբեք չեմ ասում ԵՍ, ԻՆՁ, ԻՆՁ ՀԱՄԱՐ… Միշտ պետք է շարունակեմ այնպես անել, որ իմ ընտանիքը լավ ապրի: Լավ ապրելը «յախտաներն» ու «վիլլաները» չեն, այլ խղճի հանգստությունն է: Պետք է հանգիստ ապրենք ու վայելենք կյանքի բարիքները որքան որ կհասցնենք, կկարողանանք:
– Դուք ամբիցիո՞զ մարդ եք:
– Այո, բայց ոչ թե դիմացինին վնասելու միտումով, այլ՝ ինքս իմ նկատմամբ… Ինքնաքննադատությամբ եմ շատ զբաղվում. ինչո՞ւ չկարողացա այս կամ այն բանն անել, կամ՝ ինչո՞ւ արեցի…
– Կա՞ մի խնդրանք, ինչով կցանկանայիք հիմա դիմել Աստծուն:
– Քանի որ գտնվում եմ Աստվածասեր վայրում ու ունեմ հնարավորություն, ցանկանում եմ Աստծուն խնդրել, որ ինձ մի լավ բալիկ պարգևի, ում հայրիկիս հիշատակին իր անվամբ՝ Մարատ կկոչեմ: Հիմա իմ ամենամեծ խնդրանքը, նպատակը, երազանքը դա է: Կյանքս նորից կփոխվի ու խթան կառաջանա. մարդ, ում համար ես ապրելու եմ…
– Փաստորեն, ձեզ համար հիմա կարևոր է, որ առաջնեկը տղա լինի:
– Այո, ցանկալի է: Դա եթե իրականանա, նշանակում է՝ Աստված ինձ լսել է, ձայնս տեղ է հասել: Ես այդ խնդրանքով ամեն օր եմ դիմում, ինձ շատ կօգնի, դրա կարիքը շատ-շատ ունեմ…
Նելլի Մարգարյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: