Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի ադրբեջանական ղեկավարությանը. Նալբանդյան

ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին.

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը:

Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին: Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը: Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը: Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս