Բաժիններ՝

Դավիթ Սանասարյան. «ԱԳՆ-ի լռությունը հանցագործություն է պետության հանդեպ»

«Մենք Արտաքին գործերի նախարարություն, որպես այդպիսին, չունենք: ԱԳՆ-ի լռությունը հանցագործություն է երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի  հանդեպ»,- մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության կտրուկ աճին:

Դ. Սանասարյանը նշեց, որ իր կարծիքով` Ադրբեջանը պատերազմ չի ուզում, այլ ինֆորմացիոն պատերազմի մեջ է և ցանկանում է, առաջին հերթին, ընկճել հայ հասարակությանը, երկրորդը`բավարարել սեփական ժողովրդին: Միաժամանակ «Ժառանգության» խոսնակն ընդգծեց, որ իր հերթին այս հարցում լուրջ թերացումներ ունենք մենք:  Ըստ նրա` սահմանային լարվածությունը մեղմացնելու և Ադրբեջանի գործողություններին հակադարձելու համար Հայաստանն առաջին հերթին դիվանագիտական քայլեր պետք է կատարի:

«Արդեն քանի օր է` գրում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն լռության է մատնվել և որևիցէ գործ չի անում: Սա նշանակում է, որ մենք ԱԳՆ, որպես այդպիսին, չունենք: Ես, իհարկե, երբևիցէ չեմ հիացել ԱԳՆ-ի քայլերով, բայց այս պահին նման լռությունը հանցագործություն է րկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի  հանդեպ: Հիմա ԱԳՆ-ն պետք է ողջ աշխարհով մեկ բողոքի նոտաներ հղեր, պետք է կազմակերպեր հայությանը` ոտքի կանգնեին աշխարհի տարբեր երկրներում` դեսպանատների, ԵԱՀԿ կառույցների, Ռուսաստանում` ՀԱՊԿ-ի գրասենյակի դիմաց: Պետք է աշխատանք տարվի, բայց այն, ինչ հիմա արվում է, ուղղակի հակապետական գործողություն է: ԱԳՆ-ն պետք է քաղաքականություն իրականացնի, այդ կառույցը կոչված է քաղաքականություն իրականացնելու, բայց այսօրվա դրությամբ ՊՆ-ն է իր վրա վերցրել այդ պարտավորությունը: Պաշտպանության նախարարի տեղակալը կանչում է օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին և ասում, որ վիճակը լավ չի: Նորմալ է, ճիշտ է անում, բայց այս հարցով պետք է նաև ԱԳՆ-ն զբաղվի: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի սա չհասնի ռազմական գործողությունների: Երբ մենք այստեղ ուրախանում ենք, որ Ադրբեջանն 8 զոհեր տվեց, մենք ուղղակիորեն ուրախանում ենք, որ վաղն էլ մենք ենք այդքան զոհեր տալու: Սա հարցի լուծում չէ, սա հարցի ավելի խորացում է: Մտեք, տեսեք` ինչ է կատարվում ադրբեջանական կայքերում: Ասում են, որ հայերն են հարձակվել և այլն: Այսինքն` նրանք հող են նախապատրաստում պատերազմի համար: Իսկ մե՞նք ինչ ենք անում այդ պարագայում: ԱԳՆ-ն պետք է ՊՆ-ի հետ համատեղ նկարի ողջ պրոցեսը, պիտի ողջ աշխարհով տարածեն` ինչ է տեղի ունենում: Բացեք ԱԳՆ կայքի վերջին հայտարարությունը. մեր դեսպանը օգոստոսի 1-ին հանդիպել է Չեչնիայի փոխվարչապետի հետ: Ոչ մի ծպտուն չկա: Ինձ մոտ տպավորություն է, որ սա արդեն ռազմական ռեժիմ է, և բոլոր հարցերով ՊՆ-ն է զբաղվում: ԱԳՆ այլևս գոյություն չունի»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, նրան անդամակցում է նաև Հայաստանը) պահվածքին` նշելով. «Այս պարագայում ՀԱՊԿ-ի լռությունը նշանակում է, որ նման կառույց ուղղակի գոյություն չունի կամ գոյություն ունի, բայց ուրիշ նպատակներով է: Եթե սա հարձակում է ՀԱՊԿ անդամ պետության վրա, և ՀԱՊԿ-ը դրան չի արձագանքում, դա նշանակում է, որ այդ կառույցը չգիտեմ` ինչի համար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս