Արցախի ԱԳՆ. Հրադադարի պահպանման լավագույն միջոցը Բաքվի համաձայնությունն է ՀՀ, ԼՂՀ և ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է մարդկային կորուստների հանգեցրած հրադադարի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Չափազանց մտահոգված ենք վերջին օրերին առաջնագծում արձանագրված լարվածության աճով: Հարկավոր է հարգել հրադադարի ռեժիմը»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը,արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, Twitter-ում Ադրբեջանին կոչ է արել «ընդունել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները»:
Դեռևս 2001-ին ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթը, որը ներառում է հակամարտության կողմերի միջև գործակցություն բոլոր՝ այդ թվում՝ ռազմական անվտանգության ուղղություններով։

Առաջարկված միջոցների թվում առաջարկվել էր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և հավատարիմ մնալ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու պարտավորությանը ԵԱՀԿ հովանու ներքո, ինչպես նաև ուղիղ կապի հաստատումը կողմերի և/ կամ նրանց օպերատիվ շտաբերի միջև, այդ թվում նաև լոկալ բնույթի:

2004-ին ԼՂՀ-ն առաջարկեց մշտադիտարկում սահմանել հրադադարի ռեժիմի պահպանման հարցում՝ ընդլայնելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմը:

2006-ին ԼՂՀ-ն առաջարկեց, որպեսզի 3 կողմերը փոխադարձաբար հաստատեն իրենց պարտավորությունները հրադադարի ամրապնդման հարցում, որոնք ամրագրված են ԵԱՀԿ հովանու ներքո ձեռք բերած ԼՂՀ, Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրում, որն ուժի մեջ է մտել 1995-ի փետրվարին:
2012-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկեց որպես առաջին քայլ կրոնական տոների օրերին (Զատկի և Նովրուզի ժամանակ, օրինակ) հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջարկներից ոչ մեկը, չնայած միջնորդների հավանությանը ու միջազգային հանրության կոչերին, չընդունվեց Ադրբեջանի կողմից:
Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ՝ 1994-ին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:

Մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Oգոստոսի լույս 1-ի գիշերն Ադրբեջանը 11-14 սպանված է ունեցել և մոտ 30 վիրավոր:
Ինչպես գրում է Voskanapat.info-ն, Արցախի և Ադրբեջանի շփման գծում ոչնչացվել է հակառակորդի առնվազն 14 դիրվերսանտ: Մարտական բախումներ են եղել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում:

Ինչպես հայտնել է ԼՂՀ ՊԲ այդ ուղղությամբ մարտական ծառայություն իրականացնող զինվորական ստորաբաժանման հրամանատարի տեղակալը, հայ մարտիկները ծուղակ էին սարքել ռազմական հետախուզության տվյալների հիման վրա, որը հայտնել էր միանգամից մի քանի ուղղություններով Մարտակերտի ու Ասկերանի շրջանների ուղղությամբ պատրաստվող դիվերսիայի մասին:

Ուղիղ ժամը 00։00-ին ծուղակի շրջանում են հայտնվել ադրբեջանցի դիվերսանտները:

«Մեր մարտիկներն ամեն ինչ արեցին միանգամայն գրագետ ու քաջարի,- ասել է գնդապետ N-ը: -Ոչնչացվել է առնվազն 14, վիրավորել՝ 25-30 ասկյար»:

«Ադրբեջանական կողմը հայտնել է 8 կորուստի մասին: Նրանք ասում են նաև, թե դիվերսիան, իբր, մեր կողմից է եղել և ՊԲ-ն մեծ կորուստներ է կրել:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր կողմից ոչ մի կորուստ չկա: Մեզ հաջողվեց կասեցնել հակառակորդի դիվերսիան, ձեռնարկված միանգամից մի քանի ուղղություններից, և անել դա գրագետ, հաշվի առնելով սեփական մարտիկների անվտանգության ապահովումը: Մի անգամ ևս կրկնում են՝ մենք հաշվեցինք հակառակորդի 14 դիակ: Սա՝ առնվազն: Հակառակորդը շատ վիրավորներ ունի, մինչև երեք տասնյակ, չեմ կարծում, թե նրանք բոլորը կապրեն»:

Տեսանյութեր

Լրահոս