Իսկական «Ջունգլիներ»՝ Վանաձորում
asparez.am-ը գրում է. Վանաձորի Խնձորուտ գետի երկայնքով, Չուխաջյան փողոցով քայլելիս՝ այն տպավորությունն է, թե իրական ջունգլիներում ես գտնվում: Փողոցով հոսող ջրի աղմուկն այնքան բարձր է, որ գետի ձայնը չի լսվում. գետի ջուրը խողովակով գնում է դեպի ՀԷԿ: Ամբողջ տարածքով մեկ զգացվում է փողոցով հոսող ջրից եւ գետից տարածվող մամռահոտն ու գարշահոտը:
Գետում ճահճաճած տարածքներում, հատկապես երեկոյան եւ գիշերը, գորտերի կըռկռոցն է լսվում, նաեւ՝ կատուների գզվռտոցը. «Հիմիկվա կատուներն էլ շներից բեթար են, հնենց են վրեդ հարձակվում՝ մոլորվում ես: Հլա շանը փետով, քարով վախացնում ես, սրանց էդ էլ հախ չի լինում»,- ասում է հարեւան շենքի 68-ամյա տիկին Հասմիկը:
Նույն փողոցում աղբարկղերն այնքան լիքն են, որ աղբն ավելի շատ տարածվել է կողքերով եւ փակել գետի խոնավությունից կանաչած տարածքը. «Մինչեւ շաբաթը չի լրանում, մեքենա չի գալիս»,- բողոքում են բնակիչները:
Քիչ հեռվում երեւում է, թե ինչպես է անասնապահը հետեւում, որ հանկարծ կովերը փողոցով հոսող ջրից չխմեն: Երբեմնի գործարանների (հացի փուռ, գարեջրի եւ հանքային ջրերի) տարածքում շներն են ապաստան գտել, իսկ տանիքներին այնքան ագռավ կա, որ մեջդ մի պահ վախ է ընկնում՝ այդ տարածքով քայլելիս: Ու կրկին մտածում ես՝ ժամանակին ինչ ճիշտ են ընտրել թաղամասի անունը՝ Ջունգլիներ:
Թաղամասի բնակիչները բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին՝ աղբը հեռացնելու, մեկ ամիս շարունակ փողոցով հոսող ջրի մասին զգուշացնելու, կենդանիների պատճառած անհանգստությունների մասին տեղեկացնելու համար, սակայն «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից բնակիչներին տեղեկացրել են, թե ընկերության տրակտորը փչացած է, երբ աշխատի՝ կգան, իսկ «Ասպարեզին» ասացին, որ դա վթարված խողովակ չէ, կոյուղի է եւ վաղն արդեն այդտեղ դիտահոր կկառուցվի: Քաղաքապետարանի կոմունալ բաժնից էլ, երբ բնակիչը իմ խնդրանքով զանգահարեց, մուննաթով պատասխանեցին.
«Ձեզ ասացինք՝ մեքենան շրջում է, մի օր ձեր թաղամաս էլ կհասնի: Պետը հիմա շրջում է փողոցներով»:
Մանրամասներն՝ այստեղ