ՀՀ ԱԳՆ-ը հայ միգրանտներին հորդորում է ՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին
Հաշվի առնելով ամառային հանգստի շրջանի մեկնարկի/ավարտի կապակցությամբ ՌԴ տարածք մուտք/ելք գործելու հաճախականության մեծացումը` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են ՌԴ տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով (էլ.հասցե` http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000) նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք:
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ժամանակին դիմել տեղի իրավասու մարմինների խորհրդատվությանը` ՌԴ միգրացիոն կանոններին հակասող գործողություններից խուսափելու նպատակով: