«Ռուսաստանն է Ադրբեջանին պատերազմի դրդում». Արցախի ԱԺ նախկին պատգամավոր. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը համարում է «պատերազմի նախապատրաստման գործնական քայլեր» հակառակորդի կողմից: Իսկ պատճառն, ըստ նրա, այն է, որ թե Ռուսաստանը և թե Արևմուտքը ամեն կերպ փորձում են սիրաշահել Ադրբեջանին, ինչից էլ օգտվում է թշնամին.
«Ինչպես բռնցքամարտիկներն են մարտի նախնական փուլում ուսումնասիրում իրար թույլ ու ուժեղ կողմերը, այնպես էլ հակամարտ ուժերը: Դա է պատճառը, որ Ադրբեջանը հաճախակի է դարձրել իր ռազմական գործողությունները, որպեսզի հայտնաբերի հայկական կողմի թույլ կողմերը՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար»:
«Մենք պետք է մի քիչ իրատես լինենք և ճիշտ գնահատենք ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական իրողությունները. Ադրբեջանն այսօր ունի ռազմական և տնտեսական գերակշռություն, և նրա համար ստեղծված է բարենպաստ իրավիճակ, հատկապես, որ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի կողմից բավականին մեծ քանակությամբ հարձակողական տեսակի զենք է տրամադրվել նրան: Ադրբեջանի այս վերջին շրջանում ագրեսիվ պահվածքը թելադրված է մի կողմից իր ուժերը չափելու ռազմական գործողությունների համար, մյուս կողմից ճնշման գործադրում է համանախագահող երկրների վրա»,- ասում է Ներսես Օհանջանյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների կամ Արևմուտքն է դրդում, կամ Ռուսաստանը: Վերջին շրջանում սահմանին տիրող լարվածությունը նա համարում է ռուսական կողմից հրահրվող գործընթաց, որի նպատակն է պատերազմական թատերականացված սցենարով ազատագրված երեք շրջանները նվիրել Ադրբեջանին` վերջինիս Եվրասիական միություն մտնելու փոխարեն և իր ռազմական բազան «խաղաղապահ ուժերի» անվան տակ այդ տարածքներում տեղադրելու համար, որը սահմանակից է Իրանին: Դա տարածաշրջանում լիիրավ վերահսկողություն սահմանելու համար է արվում, իսկ Արևմուտքը գործուն քայլեր է ձեռնարկում կանխելու համար այդ ծրագրերը:
Մանրամասներն՝ այստեղ