Որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել օլիգարխների հետ, եթե անգամ նրանց արգելվի օլիգոպոլիա տնօրինել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել:
Շատերն այդ հայտարարությանը վերաբերվում են թերահավատորեն, ասելով, թե իրականում իշխանությունը միայն խոսում է, իսկ մենաշնորհները ծաղկում են ու բարգավաճում:
Ընդ որում, արդարացիորեն նշվում է, որ իշխանությունը սկզբունքորեն չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրանցից է կախված իր ճակատագիրը: Այսինքն, եթե իշխանությունն ինքը, այսինքն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք այդ մենաշնորհատերերը չեն, ապա առնվազն կախված են այդ մենաշնորհատերերից, որովհետև նրանց ջոկատներն են կեղծում ընտրություններն ու ահաբեկում քաղաքացիներին, ապահովելով իշխանության վերարտադրություն:
Այս ամենն իհարկե ճիշտ է, բայց խնդիրն ունի նաև հակառակ կողմ բավական հետաքրքրական մի նրբերանգով: Բանն այն է, որ իշխանությունը կարող է իսկապես պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ:
Բայց այստեղ խնդիրն այն է, որ այդպիսի բան ըստ էության ուղղակի հնարավոր չէ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ:
Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ, եթե անգամ հենց վաղը նրանց արգելվի մենատիրություն կամ օլիգոպոլիա տնօրինել: Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։