Պղծվել է Իջեւանի Սուրբ Խաչը . «ՀԺ»

«Իջեւանի Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է քաղաքի արեւելյան եզրին, ենթարկվել է վանդալային հարձակման»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Անհայտ անձինք ջարդել և վառել են դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը:

Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը: Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն:

Բանն այն է, որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս