Իշխող քաղաքական թիմը Կրեմլի «հիմնական խաղացողն» է, իսկ քառյակը՝ Կրեմլի «փոխարինող կազմն է». «Առավոտ»

«Քաղաքագետները, մեկնաբանները եւ այլ շահագրգռված քաղաքական անձինք քննարկում են, թե ինչ է անելու քառյակը սեպտեմբերին, եւ արդյոք կհաջողվի՞ դրան պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, իսկապես այդպիսի նպատակ կա)»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.

«Նրանք, ում այդ խնդիրն անչափ հուզում է, կարող են, իհարկե, ենթադրություններ անել, երեւի նաեւ մեր քաղաքացիներից շատերն են կարծում, որ «վատ, թալանչի» տղաներին պետք է փոխարինել «լավ, ժողովրդի մասին մտածող» տղաներով, եւ ամեն ինչ տեղը կընկնի. երկնքից երեք խնձոր կընկնի, մեկուկեսը՝ այդ հեքիաթը պատմողներին, մեկուկեսը՝ դրանց հավատացողներին:

Ինչ մնում է բուն իշխանափոխության հնարավորությանը, ապա պետք է պարզապես հաշվի առնել, որ ներկայիս իշխող քաղաքական թիմն այժմ Կրեմլի «հիմնական խաղացողն» է, իսկ քառյակը՝ Կրեմլի «փոխարինող կազմն է»:

Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե քառյակի, հնգյակի կամ «ժողովրդի» հերոսական պայքարի արդյունք, այլ Կրեմլի ձեռնարկած փոփոխություն, որը կատարվում է, ընդգծեմ, նույն թիմի շրջանակներում:

Դա կնշանակի, որ այսօր խաղադաշտում եղած թիմը «լավ չի կատարել մարզչի ցուցումները»: Բուն մեր խնդիրների հետ դա առանձնապես կապ չունի: Մտածող մարդկանց ես կառաջարկեի քննարկել ոչ թե այդ «ներքին փոխատեղումները»՝ հնարավո՞ր են, թե՞ չէ, արդյոք Պողոսն ավելի բարի եւ պարկեշտ կլինի՞, քան Պետրոսը, այլ այն, թե ինչպես կարող է փոխվել մեր կյանքը ներկա՝ «հիմնական» եւ «փոխարինող» թիմի առկայության դեպքում: Այդ փոփոխությունները հնարավոր են միայն այն պարագայում, երբ այդ թիմի խաղացողները զգան դրա անհրաժեշտությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս