Բաժիններ՝

Բրուցելոզ. Առաջացման պատճառները, բուժումն ու կանխարգելումը

Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։ Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։ Doctors.am-ը ներկայացնում է բրուցելոզի առաջացման պատճառները, բուժումն ու դրա կանխարգելումը:

Պատճառները
Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բրուցելոզի հարուցիչները բրուցելներն են, որոնք միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով։ Բրուցելները բակտերիաներ են, որոնք դիմացկուն են ցածր ջերմության և ցրտահարության նկատմամբ, ջրում պահպանվում են մինչև 5, հողում՝ 3 և ավելի ամիս, կովի կաթում՝ մինչև 45, աղի պանրում՝ 60 օր, կարագում, սերուցքում, մածնում, թարմ պանրում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը, սառեցրած մսի (խոզի) մեջ՝ 5, աղով մշակված կաշվի մեջ՝ 2, բրդի մեջ՝ 3-4 ամիս։ Կաթը եռացնելիս և պաստերացնելիս բրուցելները ոչնչանում են։

Վարակազերծող միջոցներով բակտերիաները ոչնչանում են մի քանի րոպեում։ Մարդը վարակվում է հիվանդ կենդանու թարմ կաթ և կաթնամթերք (պանիր, կարագ, կաթնաշոռ), ինչպես նաև անբավարար եփած ու տապակած միս օգտագործելիս։ Կարող են վարակվել նաև կաշվի ու մորթու մշակման արտադրություններում, ինչպես նաև հիվանդ կենդանու և դրանց արտաթորանքով աղտոտված իրերի հետ շփվելիս։
Բրուցելոզի հարուցիչները կարոդ են թափանցել մարդու օրգանիզմ վերին շնչուղիներով՝ փոշու հատիկների հետ կամ վնասված մաշկի միջոցով։ Հաճախ հիվանդանում են կթվորուհիները, հորթապահները, հովիվները, անասնաբուժական աշխատողները։

Պաթոգենեզ
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 1-3 շաբաթ է։ Բրուցելոզին բնորոշ է կլինիկական ախտանշանների բազմաձևությունը։
Հաճախ հիվանդությունն սկսում է սուր, ջեիմաստիճանը բարձրանում է մինչև 39-40° C, առաջանում են դոդ, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում և հոդերում ուժեղ ցավեր, բնորոշ են նյարդային և ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները, կարող Են լինել նաև հոգեկան խանգարումներ։ Երբեմն հիվանդությունն առաջանում է աստիճանաբար, նկատվում են տկարություն, անքնություն, գրգռվածություն,գլխացավ, մկանների և հոդերի ցավեր, ախորժակի անկում, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,1-37,3° C։ Հիվանդությունը ձգվում է մինչև 1-2 տարի և ավելի։ Տևական մնացորդային երևույթները կարոդ են հանգեցնել հաշմանդամության։ Հղի կանայք բրուցելոզի ժամանակ կարող են վիժել։

Բուժում
Բրուցելոզի բուժումը հիվանդանոցային է։

Կանխարգելում
Բրուցելոզի առաջացումը կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և մեկուսացնել հիվանդ կենդանիներին (դրանց սպանդի են ենթարկում հատուկ հրապարակներում՝ պահպանելով կանխարգելիչ կանոնները)։ Առողջ կենդանիներին պատվաստում են, շինությունները, որտեղ հիվանդ կենդանինեին են եղել, ախտահանում են։ Օգտագործում են ավելի խիտ ախտահանիչ միջոցներ, վիժված պտուղը, ընկերքը, գոմաղբը (դրանցով աղտոտված) այրում են։ Ախտահանման նպատակով կենդանու մորթին 2 ամիս աղ են դնում, բուրդը մշակում են մեթիլբրոմիդով։

Անապահով պայմաններ ունեցող տնտեսություններում կաթնամթերքը պատրաստում են ջերմամշակված կաթից (եռացրած, մանրէազերծած)։ Պանիրը պահում են աղաջրում 60 օրից ոչ պակաս, 11-14° C պայմաններում, միսը եփում են 3 ժամից ոչ պակաս կամ աղաջրում պահում 2 ամիս։

Հիվանդ կենդանիներին խնամող անձինք և այդ կենդանիներից ստացվող հումքը մշակող արդյունաբերական ձեռնարկությունների (մսի կոմբինատ, բուրդը, կաշին մշակող ձեռնարկություններ, պանիրագործարան և այլն) աշխատողները պետք է օգտագործեն հատուկ հագուստ և պաշտպանիչ միջոցներ (ռետինե ձեռնոցներ և կոմբինեզոն, աբտահագուստ, երկարաճիտք կոշիկներ, շնչադիմակ, պաշտպանիչ ակնոց և այլն), որոնք աշխատանքից հետո մշակում են լիզոլի կամ քլորամինի լուծույթով։ Դեռահասներին և հղի կանանց նման աշխատանքները չեն թույլատրվում։ Ամենտարի նշված ձեռնարկությունների աշխատողներին բրուցելոզի դեմ պատվաստում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս