Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը քաղաքականացնելը անհեթեթություն է. Աշոտ Գրիգորյան
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տեղի ունեցածը սարսափելի ակտ է: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ռուսաստանում ձերբակալված գործարար Լևոն Հայրապետյանը բավականին սերտորեն համագործակցում է ԵՀՄՖ-ի հետ և անցած տարի ԵՀՄՖ համագումարում հանդես էր եկել հայտարարությամբ՝ իշխանափոխություն 20 րոպեում՝ բացառելով հեղափոխությունը:
«Երբ անհեթեթ ու անխոհեմ կերպով քաղաքականացնում են այն, ինչ կատարվեց Լևոնի հետ, բացարձակապես չեն օգնում: Դա մի այնպիսի անհեթեթություն է: Ամբողջ սոցցանցերը լցված են հայտարարություններով՝ «ազատություն Լևոն Հայրապետյանին, որովհետև սա բացարձակ քաղաքական ակտ է», հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Սա ստորություն է: Լևոն Հայրապետյանը հայ-ռուսական հարաբերությունների դրոշակակիրն է: Եթե լրագրողական անգրագիտություն է, կամ ակտիվիստների կողմից անխոհեմ վերաբերմունք, իմացեք, որ լավ էլ հարվածեցիք Լևոնին դրանով: Դրանով ստիպում եք, որ այնտեղ քր. գործն ուռճացնեն և ապացուցեն, որ Լևոն Հայրապետյանը հանցագործ է: Չի կարելի նման քայլ անել»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Ըստ նրա՝ բացված քր.գործը պետք է նորմալ ճանապարհով ընթանա և Հայրապետյանը պետք է արդարացվի, իսկ եթե իր կողմից եղել է որևէ անխոհեմ քայլ, ապա դա մեղմացվի. «Դրա համար կան 100 տարբեր ուղիներ: Լ.Հայրապետյանը գտնվում է ծանր առողջական վիճակի մեջ, և դա հնարավորություն է տալիս ամեն ինչ մեղմացնելու, եթե ինչ-որ սխաներ կան: Քաղաքական հայտարարությունները ոչ մեկին չեն օգնում: Բոլորը գիտեն, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվել իդեալական կերպով անհնար է: Սա Ռուսաստանն է, Եվրոպա չէ ու բոլորը դա շատ լավ գիտեն: Պետք է այդ սխալները գնահատվեն, և այդ մարդու կշռի դիմաց բերեն մի բալանսի ու լուծում տան, ոչ թե հարաբերություններն ավելի սրվեն»:
Հարցին՝ արդյոք առանց քաղաքական իշխանության համաձայնության կձերբակալեի՞ն Լ.Հայրապետյանին, Ա.Գրիգորյանը պատասխանեց, որ քաղաքական ղեկավարության համաձայնության խնդիր չի եղել, քանի որ «Բաշնեֆտի» հետ կապված խնդիրներ կան. «Քաղաքական ոչ մի բան չեմ տեսնում, բացարձակ: Լ.Հայրապետյանը ՌԴ հասարակությունում չափազանց մեծ քաշ ունի, եթե նրան ձերբակալել են, ուրեմն գործ կա, բնական է, արդեն գործարար աշարհի, քրեական աշխարհի կողմից, բայց ոչ քաղաքական: Այլ բան, որ ադրբեջանական հետք լինի, բայց ոչ առանց բացարձակ տնտեսական հիմքերի: Բայց դա քր. գործ է, թե քաղաքացիական գործ է, և ինչպես կարելի է հարցերը լուծել, դա թողեք Լևոնի հովանավորների վրա: Բնական է, որ նա ունի թշնամիներ, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ թշնամիների դաշտում քաղաքական հաշվեկշիռը այս պահին դեր խաղացող լինի: Բայց երբևիցե թուրք-ադրբեջանական հետքը չեմ բացառում»:
Հիշեցնենք, որ երեկ նախաքննական մարմինը Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեջ կասկածվող գործարար Լևոն Հայրապետյանին։ Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Հայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել, ըստ որի հայազգի գործարարը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը։ Դատարանը կալանք է կիրառել նաև ավելի քանի 300 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Բաշնեֆտ»-ում ունեցած Հայրապետյանի բաժնետոմսերի վրա։ Գործարարը կտրականապես հերքում է իր մեղքն ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Հայրապետյանի փաստաբանը Մոսկվայի քաղաքային դատարանում բողոքարկել է կալանավորելու թույլտվություն տված Բասմանի շրջանի դատարանի որոշումը։