Ոստիկանության պարզաբանումը՝ նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանի մասին
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը 20 տարի Ուկրաինայում ապրելուց հետո վերադառնալով հայրենիք` չի կարողանում քաղաքացիություն ձեռք բերել, և քանի որ ուշացրել է 50.000 դրամ տուգանքը վճարել` պետք է վտարվի երկրից:
Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
2014 թ. ապրիլի 26-ին Սեյրան Հովսեփյանը ոստիկանության Արարատի անձնագրային ծառայության միջոցով դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու խնդրանքով:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նա համարվելով այլ երկրի քաղաքացի` պետք է սահմանված կարգով դիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու (անձը ՀՀ քաղաքացիություն ստանում է ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհելու հիմքով), այլ ոչ քաղաքացի ճանաչվելու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1390-Ն որոշմամբ նախատեսված փաստաթղթերը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս. Հովսեփյանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչվելու խնդրանքով և նրա դիմումին պատասխան է տրվել 2014 թվականի մայիս ամսին, 180-օրյա ժամկետի հաշվարկը հաշվարկվում է դիմումին պատասխանելու պահից սկսած: Հետևաբար, Ս. Հովսեփյանի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթ չի սկսվել:
ՀՀ Ոստիկանություն