Բաժիններ՝

«Դ!եմ եմ»-ի անդամ Վաղինակ Շուշանյանը ներկայացավ ԱԱԾ. նրան զգուշացրել են՝ խոսելուց առաջ մտածել (տեսանյութ)

Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցին վերաբերող նիստի ընթացքում շուրջ կես ժամ հարցերը լսելուց հետո «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի նյարդերը տեղի էին տվել, նա ոտքի կանգնելով՝ դիմել էր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ասելով. «Դուք, հիմա չգիտեմ՝ ո՞ւմ եք կանչել ընդհանրապես, մեզ մերժում եք՝ ասելով, որ հ/կ-ները շատ են։ Ես հ/կ-ների հետ վաբշե կապ չունեմ, ես իմ ջեբի մասին եմ մտածում, այստեղ նստածներից յուրաքանչյուրն իրավունք չունի խոսել իմ ջեբի մասին, հաստատ էդ չորս դրամը դուք չեք մարսելու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը, պետք եղավ՝ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԿԱՆԵՄ»:

Հուլիսի 7-ին իր հնչեցրած հայտարարության համար Վաղինակ Շուշանյանին զանգահարել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փոխգնդապետն ու նրան հրավիրել էր զրույցի: Սակայն, երբ նա մերժել է ներկայանալ առանց համապատասխան ծանուցագրի, փոխգնդապետը ասել էր. «Տղա ջան, եթե ծանուցագիր ես ուզում, ուրեմն՝ կլինի ծանուցագրով»:

Այսօր Վաղինակին ծանուցագրով հրավիրել էին ԱԱԾ զրուցելու: Վաղինակը ԱԱԾ էր ներկայացել իր մոր՝ Մարիամ Պողոսյանի, և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանի հետ:
Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա բացատրել է Վաղինակին իր իրավունքները և պարտականությունները: Նա հայտնեց, որ ներսում ամեն ինչ հանգիստ էր, նորմալ էր.

«Քաղաքացու իրավունքենրը սահմանված են օրենքով. հրավերով պարտադիր ներկայանալու պահանջ չի նախատեսում: Այս առումով կարելի է ասել, որ քաղաքացու հայեցողությանն է թողնված՝ գա՞լ, թե՞ չգալ: Հրավիրելը արգելված չէ, քաղաքացին էլ՝ որևէ պարտավորություն չունի ներկայանալու: Եթե զրուցելու նպատակ կա, իրավապահ մարմինները կարող են գնալ և քաղաքացու հետ զրուցել իր նշած վայրում»:

Մեկ ժամից ավելի ներսում անցկացնելուց հետո, Վաղինակն իր մոր հետ միասին դուրս եկավ ԱԱԾ շենքից:

«Այս մարդիկ շատ հարգալից, շատ լավ ձևով մեզ ընդունեցին, բացատրեցին… Ուղղակի զգուշացում էր, որ Վաղինակ, մյուս անգամ նման արտահայտություններ անելուց առաջ մի հատ մտածի: Դու կարող է ասես, բայց չանես, իսկ ինչ-որ մեկը՝ օգտվի քո ասածից ու անի»,- ասաց Մարիամ Պողոսյանը:

Վաղինակը պատմեց, որ գնդապետ Քոչինյանը նախապես իրենց ասել է, որ անհանգստանալու կարիք չկա, իրենք պարզապես հրավիրել են զրույցի. «Սա ոչ մի պարտադրանք իրենից չի ներկայացնում, ուղղակի՝ դուք եք ուզել ծանուցագիր, դրա համար ենք ուղարկել: Նման արտահայտությունները քրեորեն հետապնդնելի են՝ զուտ որպես ահաբեկչություն, բայց իմ արած արտահայտության մեջ ոչ մի քրեորեն հետապնդելի բան չկա: Նրանք արդեն տեղեկացել էին իմ մասին, թե ով եմ ես, ինչ գործունեություն եմ ծավալում և վստահ էին, որ ես նման բան չէի անի»,- գնդապետի հետ զրույցի մանրամասները այսպես ներկայացրեց Վաղինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս