Հիվանդանոցի վարիչը մեղադրվում է հղի կնոջ սկեսուրից կաշառք պահանջելու և բուժօգնություն չցուցաբերելու մեջ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Արմավիրի բժշկական կենտրոններից մեկի բժշկի դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի հղի կնոջ սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերելուց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: