Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ
Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այն տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։
«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երևանի գրադարանների համար ծավալուն, կարևոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված։ Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն։
Այս տարի նաև երաժշտական գրականություն, այդ թվում և պարտիտուրաներ ենք ձեռք բերել և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին ենք բաժանում»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյնաը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են աշխատում։
«Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական 15-ամյա գրադարանը 5 մասնաճյուղ ունի զանգվածներում։ Արդեն երկու ամիս է գրադարանը հիմնանորոգվում է, այս օրերին էլ համալրվում է արժեքավոր նորատիպ գրականությամբ։ Սա խոսուն վկայությունն է այն ուշադրության, որ վերջին տարիներին քաղաքապետարանը այնչափ կարևոր ծրագրերով է արտահայտում»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։