Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում
Հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար, դոկտոր Հանց Կլուգենը նշեց, որ մեր երկիր կատարած այցն ուներ երկու հիմնական նպատակ:
«Մեր նպատակն էր տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի եռամյա աշխատանքի գնահատումը, ինչպես նաև Հայաստանի առողջապահության նախարարի հետ Հայաստանում հետագա համընդհանուր առողջապահական ծածկույթ ապահովելու հարցերի քննարկումը, որը ենթադրում է համապատասխան առողջապահական ծառայությունների ապահովում»,- ասաց Հանց Կլուգեն։
Փորձագետը բարձր գնահատեց տուբերկուլոզի հաղթահարման ոլորտում Հայաստանի ձեռբերումները` մասնավորապես հիվանդացության և մահացության շարունակաբար նվազող ցուցանիշները, դեղերի ժամանակին և անխափան տրամադրումը տուբերկուլոզով հիվանդներին, որակյալ լաբորատոր-ախտորոշիչ ենթակառուցվածքները, ինչպես նաև հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմների և կառուցվածքային բարեփոխումները:
«Նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը մեր առաքելությունը նաև ներկայացրեց առաջիկա տարիներին տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն ուղղված առաջարկներ` կոչ անելով միջազգային բոլոր գործընկերներին շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը հանրային առողջության տեսանկյունից այդ կարևոր հիմնախնդրի հաղթահարման նպատակով»։ Հանց Կլուգենի խոսքով` հունիսին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ (Կոպենհագեն) կատարած այցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման մեխանիզմները, ինչը ևս կնպաստի համատեղ առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելուն:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրենը տեղեկացրեց, որ առաքելության այցը Հայաստան առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով է:
Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության գործում նա կարևորեց միջազգային կազմակերպությունների` «Գլոբալ» հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն Հանց Կլուգենը հուլիսի 24-ին մասնակցեց նաև «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, մշակվեցին ապագա համագործակցության հեռանկարները:
Աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ` հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն