ՀՀԿ-ում չի քննարկվել կառավարության 100 օրվա աշխատանքը, իսկ Շուշան Պետրոսյանը մանդատը վայր չի դնի. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գնահատական չի տրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է henaran.am-ը: «100 օրը վաղ է, որպեսզի մենք եւ՛ գնահատական տանք, եւ՛ արդյունքներ հնչեցնենք կառավարության գործունեության վերաբերյալ, բայց մի բան հստակ է, որ վարչապետ Աբրահամյանի կառավարությունը պարզ, հրապարակային աշխատում է եւ ականջալուր է բոլոր խնդիրներին: Եվ ես կարծում եմ, որ այս կառավարությունը ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն այն դրական արդյունքներին, որոնք նախաշնված են կառավարության ծրագրում»,-ասել է նա:
Նա անդրադարձել է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերինն: «Նման հարց չկա, դա անհեթեթություն է եւ իրականությանը չի համապատասխանում: Նա մեր գործընկերն է, մեր ընկերն է, եւ բոլոր նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է նա:
Անդրադառնալով Լեւոն Տեր- Պետրոսյանի վերջին հարցազրույցին` Շարմազանովը առաջին նախագահին անվանել է այլ քաղաքական ուժերի վերջին վագոն: «Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ, եւ չեմ կարծում, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ իր դաշնակիցների մոտ ազդեցիկ չի կարող համարվել։ Նա նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: