Վարդան Պետրոսյանին դեպքից րոպեներ առաջ տեսել են մեքենան շատ դանդաղ վարելիս. news.am
Վարդան Պետրոսյանը մինչեւ վթարի պահը ընթացել է ցածր արագությամբ։ Այս մասին, ըստ news.am-ի՝ այսօր՝ հուլիսի 23-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հայտարարեց գործով վկա Ռասըմ Ասլանյանը ցուցմունք տալիս։
«Էդ օրը գործից հետո տուն էինք գնում ես ու ընկերս։ Ես շատ դանդաղ էի գնում, տեսա ԲՄՎ-ն, էդ մեքենան էլ շատ դանդաղ էր գնում, երեւի 40 արագությամբ։ Հետո տեսա ԲՄՎ-ն սվետոֆորի տակ կանգնած էր, Եղվարդի ունիվերմագից մի քիչ վերեւ էր։ Ինքը սվետոֆորից շարժվել, գնացել է, հետո տեսա, որ ԲՄՎ-ի ռադիատորից ծուխ է ելնում, արագացրի մեքենան, որ տեսնեմ՝ ինչ ա եղել, տեսա՝ վթարայինն ա միացրել, մտածեցինք՝ ՃՈ-ն ա կանգնացրել։ Հետո, որ մոտիկ եկանք, տեսանք՝ վթար ա եղել։ Նիվի մեջից մարդիկ գոռում էին՝ օգնեք, օգնեք, չէին կարողանում դռները բացել, սղմվել էին մեքենաները։ Աղջկան ենք մեջից հանել ես ու ընկերս ու դրել մայթին։ Քաշեցինք, բացեցինք, դուռը ջարդեցինք, հանեցինք էն մյուս աղջկան, որին ոչ մի բան չի եղել, հետո հանել ենք Հայկին, շոֆերի կողքն էր նստած։ Հետո սիդելնիկները ջարդել ենք, էդ տղերքին ենք հանել, հետո վարորդին»,- ասել է վկան։
Վկան նաեւ ասել է, որ «Նիվայի» աջ կողային հայելին կոտրել է իր ընկեր Հայկը, երբ փորձել է Հակոբյաններին մեքենայից դուրս հանել, ոտքը դրել է հայելու վրա ու կոտրել։
Դերասանի փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Ասլանյանը նախաքննական ցուցմունքում ասել էր, որ «Նիվայի» կողային հայելիները կոտրել են իրենք, իսկ դատարանում ասաց, որ միայն աջ կողային հայելին է կոտրել իր ընկեր Հայկը, եւ հարցրեց տուժողին՝ ո՞ր ցուցմունքը պետք է հիմք ընդունել։
«Հիմա հիշում եմ, որ աջն ենք մենք կոտրել այդ ձեւով»,- պատասխանեց վկան։
Ասլանյանի խոսքով՝ Հակոբյաններին մեքենայից դուրս հանելուց հետո ինքը մոտեցել է Վարդան Պետրոսյանի մեքենային եւ նրան դուրս հանել մեքենայից. «Հետո գնացել ենք ԲՄՎ-ի մոտ, ոտս դրել եմ, սիդելնիկն եմ հետ քաշում, հետո գոռաց՝ վախ, վախ, ասեց՝ ես Վարդան Պետրոսյանն եմ, շատ բան ա՞ եղել, ասեցի՝ հա, ահավոր բան է եղել, ու էլ բան չասեց, գլուխը գցեց, մտածեցինք՝ մահացել է»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: