Օսիպյանի եղբորորդին նախկինում էլ ազատամարտիկի տղայի ականջ է կտրել. գործը ուզում են «ջրել»՝ պնդում է հակառակ կողմը. 1in.am
«Առաջին լրատվականը» հիշեցնում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռևս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին և Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադևոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: Նրան ստիպում են «ջրել» գործը:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարությունը տեղի էր ունեցել հունիսի 1-ին, որից հետո Սմբուլ Հովհաննիսյանի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդի Սեդրակ Օսիպյանի ընկերոջ մոր պնդմամբ, Վալերի Օսիպյանը իրեն գործարք է առաջարկել` խնդրելով, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը իր վրա վերցնի իր տղան: Մոր այդ հայտարարության հիման վրա էլ Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել:
«Ես հասկացա, որ ուզում են գործը ջրել: Իրենց խոսակցություններից, ամեն ինչից ես այդպիսի տպավորություն եմ ստացել: Իրենք դա են հասկացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Սմբուլը:
Վերջինս այդպիսի տպավորություն է ստացել այն բանից հետո, երբ մի ամիս շարունակ քննիչը չի իրականացրել Օսիպյանի հետ առերեսումը: Երբ տիկին Սմբուլը նախորդ ամիս նշանակված ժամին գնացել է ոստիկանություն, քննիչը զանգահարել է իրեն և պնդել, որ չներկայանա՝ պատճառաբանելով, որ այդ ժամին իր մոտ գործով մեկ այլ վկա կա, որը ցուցմունք է տալիս, և չեն հասցնի Օսիպյանի հետ առերեսումը կազմակերպել:
Օսիպյանի հետ նշանակված առերեսման օրվանից անցել է 25 օր, սակայն քննիչն այդպես էլ լրացուցիչ օր չի նշանակել: Տիկին Սմբուլի խոսքով՝ քննիչի խոսքից պարզ է դարձել, որ հնարավոր է, որ առերեսում այդպես էլ չլինի, և, իր կարծիքով, այս ամենն արվում է նրա համար, որպեսզի Օսիպյանն անհարմար վիճակում չհայտնվի: Ինքն առերեսման ժամանակ կպնդի, թե ինչպես է Օսիպյանն իրենց տանը առաջարկել, որ որդին իր վրա վերցնի եղբորորդու հանցագործությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: