Հայկ Մովսիսյան. Արդեն 2 տարի չբացահայտված մահվան դեպքը

Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմիններն աշխատում են բավականին համախմբված և համաձայնեցված, նրանց իրականացրած աշխատանքը թերևս միայն զարմանք է առաջացնում, չկան իրար հակասող որոշումներ, կամ մի մարմնի որոշումն իրապես ապօրինի ճանաչող ավելի վերադաս մարիմինների որոշումներ: Այս ամենում միակ բացասական մասն այն է, որ կայացված որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացիների շահերից, կայացված որոշումների միջոցով չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, ընդհակառակը որոշումների միջոցով ավելի է մեծանում մարդու իրավունքների ոտնահարման հնարավորությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարական դատական գործերում վերոհիշյալ տեսակի շատ որոշումներ ու վճիռներ կան: Նախորդ տարվա վերջում՝ 2013 թ. դեկտեմբերի 24-ին, հայտնել էինք, որ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով ՀՀ ՀՔԾ-ից ստացվել է գրություն, որով հայտնել էին, որ Հայկ Մովսիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Արդեն գրեթե մեկ տարի Հ. Մովսիսյանի մայրը պայքարում է, որպեսզի որդուն ճանաչեն քրեական գործով տուժող, իսկ իրեն՝ տուժողի իրավահաջորդ, սակայն ՀՀ արդարադատություն իրականացնող մարմինները ոչ միայն Հայկի մորը թույլ չտվեցին օրենքով սահմանված իր իրավունքներն իրականացնել և մասնակից դառնալ որդու մահվան մեղավորներին գտնելուն, այլ նաև կարճեցին գործը, այդպիսով կոծկելով երիտասարդի մահվան իրական պատճառները, դեպքը որակելով որպես ինքնասպանություն:

Այս գրությունից հետո Հայկ Մովսիսյանի մայրը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձեցին ստանալ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը և կարճված գործի նյութերը, բայց, քանի որ Հեղինե Պետրոսյանը՝ Հայկի մայրը, ոչ մի կերպ տուժողի իրավահաջորդ, այսինքն՝ դատավարության կողմ չէր ճանաչվել, չհաջողվեց ստանալ գործի նյութերը: Թե՛ առաջին ատյանի դատարանին, և թե՛ վերաքննիչ քրեական դատարանին ուղարկված դիմումները մնացին անարդյունք:

ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ներկայացված դիմում-բողոքները մերժեցին, պատճառաբանությամբ, որ մինչ դատարան դիմելը դիմումատուները ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Բաբայանի կողմից գրությամբ տրված մերժումները (դատավարության կողմ ճանաչելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը տրամադրելու մասին) չէին բողոքարկել վերադաս դատախազին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր մերժումը հիմնավորեց տառացիորեն այնպես, ինչպես մերժել էր ՀՀ առաջին ատյանի դատարանը:

Ե՛վ առաջին ատյանի դատարանը, և՛ վերաքննիչ քրեական դատարանը իրենց որոշումները կայացնելիս շրջանցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը ըստ որի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարանում (…..), այն դեպքում, երբ դատախազն իրեն ուղղված դիմումը մերժելով որպես հիմնավորում ներկայացրել է հենց նույն 100-րդ հոդվածը: Այսպիսով, արդարադատություն իրականացնող մարմիններից մեկը, նույն օրենքի դրույթն օգտագործելով, իսկ մյուսը՝ շրջանցելով, կայացրել են ապօրինի որոշում, մերժելով Հայկ Մովսիսյանին որպես տուժող, իսկ նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու օրինական պահանջը:

Ավելին սույն գործի շրջանակներում դիմումատուների կողմից ներկայացվել է մի շարք միջնորդություններ դատավարության կողմ ճանաչելու մասին: Մասնավորապես 2013թ. օգոստոսի 16-ին ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացվել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր դատախազին, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ.Խ. Երեմյանի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի հայտնվել է, որ (…) համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության կողմ մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճեն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան: Այսինքն՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մերժման որոշումները դատախազին բողոքարկման ենթակա չեն:

Հատկանշական է մի փաստ, ստացվում է, որ այս գործի շրջանակներում դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մերժման որոշումները ՀՀ դատախազության և ՀՀ դատարանների կողմից քննության ենթակա չեն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սույն գործը քննած դատավորների համար առհասարակ գոյություն չունի: Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչների՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում այս առիթով նշվում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացումը չի եղել իրական, այսինքն՝ Հեղինե Պետրոսյանը իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտումները վերականգնելու իրական հնարավություն չի ունեցել:

Վճռաբեկ բողոքում ներկայացնելով բազմաթիվ հիմնավորումներ Հայկ Մովսիսյանի տուժող լինելու և ՀՀ դատական ատյանների կայարած որոշումների ո՛չ արդարացի լինելու մասին, դիմումատուն 2014թ. հուլիսի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանին խնդրել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. հուլիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս