Վազգեն Մանուկյան․ «Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել». «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, 1992-93 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով: Մանուկյանի խոսքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան․ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետև այդ զենքի վաճառքը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:

«Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է, և կամա թե ակամա այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձևակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահի համոզմամբ՝ Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել, նախ՝ որովհետև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և հետո՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, որի առաքելությունն է կանխել պատերազմի վերսկսումը, մինչդեռ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը վերջինին դրդում է պատերազմի:

«Պատերազմը վերսկսելու ամենահեշտ ճանապարհը դա հարձակվողին, իսկ տվյալ դեպքում պատերազմը կարող է սկսվել մենակ մի դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի, և իրեն զենք տալը հակասում է նրա [Ռուսաստանի]՝ Մինսկի խմբի անդամ լինելուն: Նույնիսկ եթե ինքը Հայաստանին էլ զենք տար նույն քանակությամբ, միևնույնն է․․․ Այստեղ պաշտպանվելու համար է, այնտեղ՝ հարձակվելու: Ըստ որում, Ադրբեջանը զենք ստանալով՝ ավելի ինքնավստահություն է ձեռք բերում, և քանի որ քո ընկերն է նրան զենք վաճառում, ևս մի հատ ինքնավստահություն է ձեռք բերում: Այսինքն՝ փաստորեն դրդվում է պատերազմ սկսելու: Ի սկզբանե էլ դա մտահոգիչ էր: Սերժ Սարգսյանը Արգենտինայում արտահայտվեց, բայց դա չի նշանակում, որ նախապես ինքը մտահոգված չէր», – ասաց Վազգեն Մանուկյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս